Արմինֆո. Հայ հասարակությունում ծավալված տեղեկատվական պատերազմի հովանավորները փորձում են հարվածել քաղաքացիների միասնությանը և միմյանց ու պետության հանդեպ վստահությանը՝ ամենևին ոչ պատահական: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Աշխարհե ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական վերլուծաբան Հրաչյա Արզումանյանը:
<Այդ փոխվստահությունը վառ կերպով դրսևորվեց անցած տարվա ապրիլ-մայիսին՝ <թավշյա հեղափոխության> օրերին: Այդ խիստ կարևոր գործոնը, դրա դրական հետևանքները հասարակության կողմից ընդհանուր առմամբ չեն գիտակցվում, ինչը, սակայն, նորմալ է: Մինչդեռ փոխվստահության վրա հիմնված նման հասարակությունը հսկողության տակ է առնում պետությունը և պետականությունը: Հենց նման հասարակությունը թույլ չի տալիս իշխանությանը վերածվելու պետական կառույցներից և գործառույթներից շահույթ կորզելու նպատակներ հետապնդող մարդկանց խմբի>,- ընդգծել է նա:
Իշխանափոխությունից հետո հայկական լրատվամիջոցների էջերում և սոցիալական կայքերում իսկական տեղեկատվական պատերազմ սկսվեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախկին կառավարող Հանրապետական կուսակցության և նախկին նախագահ Ռոբետ Քոչարյանի կողմնակիցների մասնակցությամբ: ՀՀԿ նախկին անդամները և Քոչարյանի հետ փոխկապակցված անձինք պարբերաբար ձեռք են բերում հեռուստաալիքներ, ստեղծում նոր ինտերնետային ռեսուրսներ, որոնք կենտրոնացած են բացառապես գործող իշխանություններին քննադատության վրա: Սոցիալական ցանցերում գործում են տարբեր քաղաքական գործիչների համար աշխատող ֆեյք օգտատերերի բանակներ, որոնք այդ թվում՝ ապատեղեկատվություն են տարածում: Հարյուրավոր լրագրողներ և տասնյակ տեղեկատվական ռեսուրսներ ստեղծում ու տարածում են ֆեյքային լուրեր:
Ըստ վերլուծաբանի, հենց <թավշյա հեղափոխության> օրերին հայ հասարակությունը դրսևորեց ամեն մի հայի, այլ ոչ միայն սեփական ընտանիքի կամ տոհմի նկատմամբ փոխվստահության, համախմբվածության կարողություն: Այդ ժամանակ է դրսևորվեց սեփական ուժի, քաղաքացիների և պետության փոխվստահության վրա հիմնված նոր պետություն կառուցելու գիտակցում: Եվ նման վստահությունը բնորոշ է սահմանափակ թվով հասարակությունների:
Ընդունելով Հայաստանի նոր իշխանությունների կողմից թույլ տրվող սխալները՝ Արզումանյանը հույս է հայտնել, որ դրանցից շատերն անփորձության հետևանքն են, հետևաբար կվերացվեն, այդ թվում՝ դրանք թույլ տվող անձանց հեռացնելու միջոցով: Նա նաև համոզված է, որ հակառակ դեպքում հասարակությունում փոխադարձ վստահության պահպանումն էլ թույլ կտա իրականացնել նոր իշխանափոխություն, սակայն՝ արդեն ոչ թե հեղափոխական, այլ ավելի մեղմ միջոցներով:
Վերլուծաբանը համոզված է, որ միայն նման արժեքների վրա հիմնված հասարակությունը թույլ կտա Հայաստանին զարգանալ արագ տեմպերով և կարճ ժամանակահատվածում հասնել նոր արդյունքների: Այս առումով հասարակությունում վստահության զգացողության պահպանումը ոչ միայն պատերազմի, այլ նաև խաղաղության պայմաններում իրական նոր հայկական պետականության կառուցման կարևոր պայման է: