Արմինֆո.Չնայած այն հանգամանքին, որ մեր երկիրը վերջերս մեծ աճի ցուցանիշ է գրանցել, կարծում եմ, որ կարող ենք ավելի բարձր աճի ցուցանիշ գրանցել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը` ավստրիական Society ամսագրում հրապարակված հարցազրույցում:
Այս համատեքստում նախագահը հիշեցրել է, որ Հայաստանն ունի տարածաշրջանում լավագույն բանկային և ՏՏ ոլորտներից մեկը: Նրա ասելով, առաջընթացը կարող է ունենալ մի քանի պատճառ. կառավարությունը լավ է աշխատել, մարդիկ տքնաջան աշխատել են, միջազգային պայմանները բարենպաստ են եղել կամ էլ պատճառն այս բոլոր գործոններն են միասին վերցրած:
Անդրադառնալով Ավստրիայի և Հայաստանի միջև հարաբերություններին` Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել խորացնել երկու երկրների հարաբերությունները: «Մենք բարձր ենք գնահատում ձեր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ինչպես նաև ձեր աջակցությունն այն գաղափարին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը քաղաքական ճանապարհով այլընտրանք չունի: Ակնկալում եմ ապագայում քննարկումներ ունենալ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի, կառավարության և վարչապետի հետ՝ առաջ մղելու և զարգացնելու մեր հարաբերությունները ոչ միայն քաղաքական, այլև մշակութային հարթակներում: Ինչ-որ առումով ես նաև ավստրիական մշակույթի դեսպանն եմ, քանի որ մինչ օրս 18 տարի շարունակ այցելել եմ Ֆուշլ լիճ և Զալցբուրգ (խմբ.- ավստրիական Զալցբուրգ քաղաքում ամեն տարի ամռանը կազմակերպվում է երաժշտական փառատոն). կա՞ մեկ այլ նախագահ, ով արել է նման բան՚, - ասել է Հայաստանի նախագահը:
Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մասին` նախագահը նշել է, որ պատմականորեն մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: «Նախկինում, Հայաստանի մի հատվածը մաս է կազմել Ռուսական կայսրության, և դժվարին ժամանակներում մենք ստացել ենք Ռուսաստանի աջակցությունը: Մենք նաև շատ լավ կապեր ունենք մեր հարևանների՝ Իրանի ու Վրաստանի հետ: Սերտ հարաբերությունների մեջ ենք Եվրոպայի հետ: Պատմականորեն Հայաստանը եղել է խաչմերուկ Արևելքի ու Արևմուտքի միջև: Ընդհանրապես, Հայաստանը պետք է շարունակի խորը և բարիդրացիական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, խորացնել կապերը Եվրամիության ու Չինաստանի, ինչպես նաև շատ լավ հարաբերություններ պահպանել Միացյալ Նահանգների ու մյուս երկրների հետ՚, - համոզմունք է Հայաստանի նախագահը:
Անդրադառնալով իր աշխատանքին` Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ այստեղ ամենակարևոր կետերը հետևյալն են՝ հարթել խնդիրներն ու առհասարակ՝ զարգացնել Հայաստանը: «Մեր ազգը 21-րդ դարում մեծ հնարավորություններ ունի: Մեր ուժը ոչ թե բնական պաշարներն են, այլ մարդկային ռեսուրսները: Մենք փոքր պետություն ենք, բայց համաշխարհային ազգ: Օրինակ, Ռուսաստանում բնակվում են նույնքան հայեր, որքան հենց Հայաստանում: 21-րդ դարում դա առավելություն է, քանի որ մոլորակն ավելի է փոքրանում, իսկ կյանքը դառնում է ավելի արագ: Աշխարհում խոշորագույն ընկերություններն այլևս նավթային կամ գազային ընկերությունները չեն, այլ տեղեկատվական տեխնոլոգիական ընկերություններն են, ինչպես, օրինակ, Apple-ը և Google-ը: Հայաստանը հնարավորություն ունի լինել, այսպես կոչված, վիրտուալ մետաքսե ճանապարհի՝ տեխնոլոգիաների ու հաղորդակցության առևտրային ուղու մի մասը: Այս մետաքսի ճանապարհն արդեն գոյություն ունի՝ որպես համաշխարհային ցանց այն մարդկանց, ովքեր միացած են իրար վիրտուալ կերպով, և սա է այն դաշտը, որտեղ կարող ես տարածել քո ազդեցությունն այսօր: Սա կարող է լինել Հայաստանի դարը, եթե մենք օգտագործենք տարբեր հասարակություններում հաջողությամբ ինտերգրված, բարձր կրթական մակարդակ ունեցող և գլոբալ ազգ լինելու մեր առավելությունը: Ի հավելումն՝ նշեմ, որ մենք մեր տարածաշրջանի միակ երկիրն ենք, որն ամուր կապեր ունի թե՛ Եվրամիության, թե՛ Եվրասիական տնտեսական միության հետ՚, - ընդգծել է Արմեն Սարգսյանը, հավելելով, որ խորհրդարանական հանրապետությունում նախագահը երկրի գործադիր ղեկավարը չէ, սակայն նա գործում է իբրև երկրի գլուխ՝ ազգի համար ցույց տալով ուղին, տեսլականը կամ ռազմավարությունը: «Այս աշխարհի միտումների հետ ներդաշնակորեն կարող է աշխատել միայն այն գաղափարը, որը հստակ ծրագիր ունի: Նախագահը պետք է հասկանա ուժեղ և թույլ կողմերն ու գտնի աշխարհում իր երկրի տեղը: Աշխարհը դառնում է ավելի փոքր ու փոխկապակցված, ուստի Հայաստանի ազգային շահերը գտնվում են դրա սահմաններից դուրս: Նախագահ լինելը աշխատանք է և միաժամանակ նաև առաքելություն, քանի որ այն մի կողմից ինձ համար որպես Հայաստանի նախագահ, պարտականությունն է, բայց մյուս կողմից՝ ես այն հաճույքով եմ կատարում՚, - հայտարարել է Արմեն Սարգսյանը: