Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը ծրագրում է իր թեկնածությունն առաջադրել 2020 թ. Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններում: Այդ մասին նա հայտարարել է <Ազատություն> ռադիոկայանին հարցազրույցում:
Հաշվի առնելով, որ թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ տասը տարվա մշտական բնակության հետ կապված խնդիրներ կան, նա նախատեսում է Ղարաբաղում այս տարվա մարտից ստորագրահավաք սկսել։ Բաբայանը նշում է՝ եթե համապատասխան թվով ձայներ հավաքի, ապա հնարավորություն կստանա մասնակցել ընտրություններին։
<Սահմանադրությունը թույլ է տալիս, որ 5-10 տոկոս ստորագրություն հավաքեմ, որ հնարավորություն ստեղծվի, որ մենք էլ մասնակցենք։ Մարտ ամսին մենք դրանով կզբաղվենք>,- նշել է Բաբայանը: Այն հարցին, թե ով է նախաձեռնելու ստորագրահավաք, Բաբայանն ասել է. <Ժողովուրդը>: <Անհատներ, մարդիկ, կողմնակիցներ, ցանկություն հայտնողներ, ովքեր ուզում են, որ դու վերադառնաս>,- պարզաբանել է նա:
<Ստորագրահավաքն անպայման լինելու է՝ բավարար քանակությամբ և կրկնապատկված լինելու է, որ ապացուցեմ, որ էդ մարդիկ, առաջինը՝ ցանկանում են, որ ես վերադառնամ, երկրորդը՝ մնալ իշխանության, մի քայլ անել>,- ավելացրել է Սամվել Բաբայանը:
Նրա խոսքով, ներկայիս իշխանությունների կոզմից ստորագրահավաքի անցկացմանը հնարավոր խոչընդոտները խնդիր չեն իր համար: <Դա իրենց պրոբլեմն է, ես չեմ ուզում։ Ես նախավերջին անգամ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ ասել եմ՝ «գիծ ենք քաշում, մոռանում ենք ամեն ինչ՝ կոնֆլիկտներ, խնդիրներե։ Ինձ թվացել է, որ պետք է հասկանային, որ էսօր այնքան ծանր է Հայաստանի ու Ղարաբաղի վիճակը, որ անձնական քեն քշելը, անձնական խնդիրներ լուծելը, սրա նրա հետ կոնֆլիկտներ անելն իմաստ չունի, ճիշտ չի, կարող է պետություն կորցնենք, տարածքներ կորցնենք, պետք չի դա անել>, - հայտարարել է Բաբայանը: Մինչդեռ այսօր Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. <2012թ. լինելով Արցախի փոխվարչապետը և աշախատելով վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, իմանալով նրա պատկերացումները և տեսլականը Արցախի ապագայի, նրա զարգացման մասին գտնում եմ, որ երկրի հաջորդ նախագահը պետք է լինի Արայիկ Հարությունյանը, և հիմա հայտարարում եմ՝ Արայիկ Հարությունյանը չունի այլընտրանք>: Նախագահական մրցապայքարին իր մասնակցությունը չի բացառել նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: