Արմինֆո. Կառավարության առաջիկա հինգ տարվա գործունեության ծրագրի նախագծի հաստատումը հետաձգվել է: Գործադիրն այսօր չի կարողացել կողմնորոշվել լուծում պահանջող մի շարք դրույթների առնչությամբ:
Ներկայացնելով ծրագրի նախագիծը` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ առաջիկա հինգ տարիներին կառավարության գործունեությունը միտված է լինելու բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության զարգացմանը, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսության կառուցմանը: Նրա ասելով, այդ նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը և շարունակական ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը, մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ապահովմամբ՝ բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը: Կառավարության գործունեությունում կկարևորվի նաև ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, անկախ դատական համակարգի գոյությունը, հակակշիռների և փոխզսպումների արդյունավետ մեխանիզմների ներդրումը: Գործադիրը նաև նախատեսում է բարձրացնել կառավարության հաշվետվողականության ու թափանցիկության մակարդակը, շարունակել կոռուպցիայի դեմ պայքարն ու կոռուպցիայից զերծ հանրության ապահովումը: Կառավարության ծրագիրը նախատեսում է նաև քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատում, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիություն, ներդրումային միջավայրի գրավչություն, աշխատանքի և ներդրումների քաջալերում:
Սակայն, ինչպես նշել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, կառավարության ծրագրի նախագծում թույլ են ներկայացված դատական համակարգի բեռնաթափմանն առնչվող հարցերը, լրամշակման կարիք ունեն նաև մշակույթին առնչվող խնդիրները:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանուղազյանն, իր հերթին, ընդգծել է, որ ներկաայցված փաստաթղթում, գործնականում, ոչինչ չի ասվում պետական պարտքի կառավարման խնդիրների և բյուջետային համակարգի մասին:
Աշխույժ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել հարցի քննարկումը մինչև հինգշաբթի կամ ուրբաթ հետաձգելու մասին, առավել ևս, որ կառավարության ծրագիրը ԱԺ ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 8-ն է: