
Արմինֆո. Ֆրանսիայում ապրիլի 24-ի հռչակումը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր Ֆրանսիայում: Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ Մակրոնը, մասնավորապես, ընդգծել է, որ Ֆրանսիան առաջին երկրներից մեկն է, որը դատապարտել է «հայերի նկատմամբ արյունալի որսը Օսմանյան Թուրքիայում՚: Նա հիշեցրել է, որ 2001 թվականի հունվարի 29-ին Ֆրանսիան օրենքի ուժով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` որպես հանցագործություն ընդդեմ մարդկության և քաղաքակրթության:
Թուրքագետի համոզմամբ, Ֆրանսիայի նախագահի այդ որոշումը հարկավոր է միայն ողջունել: «Դրանով իսկ Մակրոնը շարունակում է հետևողականություն դրսևորել Թուրքիայի կողմից մարդկության դեմ իրականացված ոճրագործության նկատմամբ Ֆրանսիայի և իր սեփական դիրքորոշման մեջ: Իսկ ինչ վերաբերում է Մակրոնի կողմից Էրդողանին հղված ուղերձին, ապա, իմ կարծիքով, այն կոչված է փոքր-ինչ քաղցրացնելու Ֆրանսիայի նման քայլի հետևանքները Թուրքիայի համար: Հաշվի առնելով Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումից Թուրքիայի հրաժարվելը` Էրդողանի հետ ամեն մի երկխոսություն այդ ֆոնին անիմաստ է՚, - նշել է պրոֆեսորը:
Հիշեցնելով, որ Թուրքիայի նախագահը չի կիսում Ֆրանսիայի տեսլականն ու արժեքներն այդ համատեքստում, Մակրոնն ընդգծել է, որ Ռեջեփ Էրդողանը ողջ թուրք ժողովուրդը չէ: «Եվ այսօր ես ձեզ ասում եմ միանգամայն հստակ. Ֆրանսիայի Հանրապետության լիակատար պատասխանատվությունն է Թուրքիայի նախագահին երկխոսության հրավիրելը՚, - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
Պրոֆեսորը Ֆրանսիայի նախագահի նման հայտարարությունների և մտադրությունների նպատակները դիտարկում է Ֆրանսիայի հայ համայնքի, մասնավորապես, ՀՅԴ հետ Մակրոնի բավականին սերտ կապերի համատեքստում: «Բացի այդ, պետք չէ մոռանալ Մակրոնի վրա Ֆրանսիայում հայտնի փիլիսոփա և գրող Բեռնար Անրի Լևիի գաղափարների ազդեցության մասին: Վերջինը Ֆրանսիայի նախագահի յուրօրինակ հոգևոր ուսուցիչն է` նաև Հայոց ցեղասպանության հարցում՚, - ամփոփել է Սաֆրաստյանը: