Արմինֆո. Հայաստանի կողմից Ռուսաստանից Су-30СМ-ի գնումը կդրդի Ադրբեջանին նորագույն կործանիչների պատասխան գնման: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Սպառազինության արտահանում> ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովը:
<Բաքվի նման մտադրությունների մասին տեղեկություն բավական վաղուց կա: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է JF-17 կամ FC-1 պակիստանա-չինական կործանիչներին: Զգալի քանակությամբ նման ինքնաթիռների գնումը, Հայաստանի կողմից 4 կործանիչի ձեռքբերման համեմատությամբ, թույլ կտա Ադրբեջանին զգալիորեն ուժեղացնել իր ռազմաօդային ուժերը: Կարծում եմ՝ Ռուսաստանի կողմից Հայաստանին Су-30СМ-ի վաճառքը կարող է վերջնականապես դրդել Բաքվին կործանիչների պատասխան ձեռքբերման>,- գտնում է փորձագետը:
Փետրվարի 4-ին ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պաշտոնապես հաստատել է Հայաստանի կողմից չորս կործանիչի գնման պայմանագրի կնքումը Ռուսատանի հետ: Նրա խոսքով, չորս կործանիչներն առաջին խմբաքանակն է, հետագայում այդ մոդելի էլի ինքնաթիռներ կգնվեն: Су-30СМ կործանիչների ընդհանուր թիվը, որը նախատեսվում է գնել, ինչպես նաև գործարքի գումարը, չի հաղորդվում:
Հայաստանի կողմից բազմաթիրախային կործանիչների ձեռքբերումը Ֆրոլովն ընդհանուր առմամբ դրական է գնահատում: Սակայն, հաշվի առնելով գնվելիք Су-30СМ-ի սահմանափակ քանակությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության լուրջ տեղաշարժ, նրա խոսքով, պետք չէ սպասել՝ հատկապես հաշվի առնելով ադրբեջանական ՌՕՈւ հաշվեկշռում մեծ քանակությամբ արդիականացված ՄիԳ-29 առկայությունը:
Հաշվի առնելով Су-30СМ-ի թանկարժեք շահագործումը Հայաստանի ոչ մեծ ռազմական բյուջեի համար՝ այդ ինքնաթիռների ձեռքբերումը, փորձագետի կարծիքով, լուրջ բեռ կհանդիսանա: Սակայն, Ֆրոլովը չի բացառում, որ Մոսկվան կարող է գնման շահավետ պայմաններ տրամադրել Երևանին՝ երկրորդ պլան մղելով ծանր կործանիչների շահագործման բարձր արժեքը: Այս առումով նա նշել է նաև Հայաստանի կողմից ներռուսաստանյան գներով սպառազինությունների ձեռքբերման հանարավորությունը՝ որպես ՀԱՊԿ անդամ երկիր: