Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան առաջիկա այցը վկայում է Երևանի մտադրության մասին՝ շարունակել խորացնել Թեհրանի հետ գործընկերությունը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետը հայտարարել է փետրվարին պաշտոնական այցով Իրան այցելելու մտադրության մասին: Փետրվարի 5-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հաստատել է Փաշինյանի Իրան այցելության ժամկետները՝ միաժամանակ չհայտնելով օրակարգի մանրամասները: Նրա խոսքով, այցի շրջանակներում նախատեսվում է քննարկել երկու բարեկամ երկրների հարաբերությունների ողջ շրջանակը:
<Համոզված եմ, որ Հայաստանը ոչ միայն չպետք է հրաժարվի հարևան ԻԻՀ հետ գործընկերությունից, այլ նաև պետք է հետևողականություն ցուցաբերի Թերանի հետ հարաբերությունների խորացման հարցում՝ հաշվի առնելով, որ դա առաջին հերթին բխում է մեր շահերից: Իսկ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հետևանքով հայկական բիզնեսի համար գոյություն ունեցող ռիսկերն այդ առումով երկրորդ պլան են մղվում>,- ընդգծել է փորձագետը:
Նշելով Հայաստանում իշխանափոխությամբ պայմանավորված՝ երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում դինամիկայի որոշակի դանդաղումը՝ Ոսկանյանն ընդգծել է իրավիճակի շուտափույթ շտկման անհրաժեշտությունը: Նրա կարծիքով, հենց բարձր մակարդակով հանդիպումներն են հարաբերությունների զարգացման գործընթացի լավագույն կատալիզատորը: Այս առումով փորձագետը չափազանց կարևոր նշանակություն է տալիս Փաշինյանի Իրան այցին:
Ոսկանյանի կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի վարչապետի Թեհրան այցը թույլ կտա Իրանի ղեկավարությանը վերջնականապես կողմնորոշվել Հայաստանի նոր իշխանությունների արտաքին քաղաքական կողմնորոշումների, մասնավորապես՝ հակաիրանական պատժամիջոցների նկատմամբ Երևանի վերաբերմունքի հարցում: Հայկական պատվիրակությունն իր հերթին պետք է Իրանի աջակցությունը ստանա Հյուսիս-Հարավ լիարժեք միջանցքի ստեղծման հարցում՝ Պարսից ծոցի նավահանգիստներից Հայաստանի տարածքով դեպի սևծովյան նավահանգիստներ:
<Թեհրանի հետ հստակ համաձայնությունների ձեռքբերումը դեռևս կիսաշրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար շատ կարևոր է: Եվ դա լիովին հնարավոր է՝ հաշվի առնելով համապատասխան բոլոր նախադրյալների առկայությունը, որոնցից գլխավորը Փաշինյանի և ԻԻՀ նախագահի բանավոր պայմանավորվածություններ են, որոնք ձեռք են բերվել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում նրանց սեպտեմբերին կայացած հանդիպման արդյունքում>,- ամփոփել է իրանագետը: