Արմինֆո. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է ադրբեջանական Turan գործակալությունից լրագրողական խմբի Հայաստան այցը:
<Այո, վերջինիս կողմից հայտ էր ներկայացվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ հավատարմագրվելու և Հայաստանում համապատասխան լրագրողական գործունեություն ծավալելու համար։ Բոլոր նախանշված ընթացակարգերն անցնելուց հետո վերջինիս հայտը բավարարվել է, և նա իր լրագրողական խմբով այցելել էր Հայաստան: Այցը զուտ լրագրողական գործունեության ծավալմանն էր ուղղված, և այս առումով դա մեզ համար բնական գործընթաց է, որովհետև օրական երևի տասնյակ երկրների լրագրողներ են դիմում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն հավատարմագրման համար։ Պետք է ուղղակի նշեմ, որ մեր կողմից երբևէ որևէ խոչնդոտ չի ստեղծվում լրագրողների գործունեությունն ինչ որ ձևով սահմանափակելու ուղղությամբ>,- նշել է Նաղդալյանը: