Արմինֆո.2018 թ. Արցախի Հանրապետության համախառն ներքին արդյունքի ցուցանիշը կազմել է շուրջ 303 մլրդ դրամ՝ ապահովելով երկնիշ տնտեսական արդյունք: Այդ մասին փետրվարի 1-ին տեղի ունեցած կառավարության անդրանիկ նիստին ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Նրա խոսքով, դրա համար հիմք է հանդիսացել նյութական արտադրության ճյուղերի, մասնավորապես, հանքագործական արդյունաբերության և էներգետիկայի, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտներում ավելացված արժեքների աճը: Մասնավորապես, նա ընդգծել է, որ էներգետիկան Արցախի տնտեսության ամենադինամիկ զարգացող ճյուղերից է: Ըստ Բ. Սահակյանի՝ էլեկտրաէներգիա արտադրող փոքր հիդրոէլեկտրակայանների թիվը 2018 թվականի ընթացքում ավելացել է 5-ով՝ հասնելով 21-ի, ինչի շնորհիվ, 2017 թվականի համեմատ, մոտ 19 %-ով ավելացել է թողարկված էլեկտրաէներգիայի ծավալը: «Այն շուրջ 5 %-ով գերազանցել է սպառման մակարդակը և բնագավառում ապահովել է ոչ միայն ինքնաբավություն, այլ նաև արտահանման հնարավորություն: ՀՀ է արտահանվել 17,2 մլն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա: Առաջիկայում նախատեսվող էլեկտրաէներգիայի թողարկման ծավալների ավելացումն անհրաժեշտ է իրականացնել՝ հատուկ ուշադրություն դարձնելով շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրներին: Միաժամանակ աշխատանքներ կտարվեն նաև այլընտրանքային էլեկտրաէներգիայի զարգացման ուղղությամբ:
Արցախում մեկ շնչի հաշվով 2018 թվականի համախառն ներքին արդյունքը կազմել է շուրջ 4260 ԱՄՆ դոլար՝ 2017 թվականի 3845 դոլարի դիմաց, այսինքն՝ ավելացվել է 415 դոլար, ասել է Բակո Սահակյանն՝ ընդգծելով, որ 2018 թվականին հանրապետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում հաստատված ծրագրերն իրականացվել են արդյունավետորեն, և գրանցվել է առաջընթաց: Նախագահը նշել է, որ համախառն ներքին արդյունքի ցուցանիշը կազմել է շուրջ 303 մլրդ դրամ՝ ապահովելով երկնիշ տնտեսական արդյունք: Դրա համար հիմք է հանդիսացել նյութական արտադրության ճյուղերի, մասնավորապես, հանքագործական արդյունաբերության և էներգետիկայի, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտներում ավելացված արժեքների աճը: «2018 թվականի ընթացքում հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են ավելի քան 53 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը՝ 34,6 %-ով, և տարին փակվել է առանց ֆինանսական պարտավորությունների գրանցման: Նախնական տվյալների համաձայն՝ կունենանք արդյունաբերական արտադրանքի ծավալի՝ ավելի քան 30 %-ով աճե,- ասել է Բ. Սահակյանը:
Նախագահը նշել է, որ անցած տարի դրական տեղաշարժեր են գրանցվել յուղատնտեսության ոլորտում: Նրա խոսքով, ԱՀ կառավարությունն իրականացրել է մի շարք միջոցառումներ՝ ուղղված բուսաբուծության համալիր զարգացմանը:
«Բուսաբուծության համալիր զարգացման ծրագրերի շրջանակներում 2018 թվականին շուրջ 1 մլրդ դրամի չափով պետական աջակցության շնորհիվ ապահովվել է կաթիլային ոռոգման համակարգերի կառուցումը 622,5 հա տարածքի վրա, որից 500 հա՝ այգի և 122,5 հա ծխախոտ և բանջարանոցներ: Այս ամենը, անշուշտ, նպաստել է այգեգործության զարգացմանը: 2018 թ.-ին, 2017-ի համեմատ, ավելի քան 11 %-ով աճել են նռենու մշակման տարածքները՝ կազմելով 1360 հա: Նռան բերքը կազմել է ավելի քան 2600 տ՝ նախորդ տարվա նկատմամբ ապահովելով 80% աճ: Այդ ծրագիրը կիրականացվի նաև այս տարի: