Արմինֆո. <Խիզախություն է՝ խոսել խաղաղության մասին>,- այսպես է պարզաբանել ՀՀ ԱԳՆ ղեկվար Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը:
<Խիզախություն է՝ խոսել խաղաղության մասին, որը վերաբերում է բանակցությունների բոլոր մասնակցիներին՝ Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի ժողովուրդներին: Սակայն, խոսել խաղաղության մասին, չի նշանակում կասկածի տակ դնել վճռականությունը>,- ընդգծել է Մնացականյանը: Նշենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Մերկելը, մասնավորապես, ասել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ երկկողմ հանդիպումների առկայությունը դրական քայլ է, սակայն ժամանակն է խոսքից անցնել գործի: <Շատ լավ է, երբ կան այսպիսի համարձակ վարչապետներ, ովքեր խոսում են երկկողմ զիջումների մասին, նման պատրաստակամությունը շատ կարևոր է բանակցությունների համար>,- ընդգծել էր կանցլերը:
Փաշինյանն իր հերթին հիշեցրել էր, որ գլխավորելով նախարարների կաբինետը՝ խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ղարաբաղյան հակամարտության այնպիսի լուծում գտնելու մասին, որը կբխեր Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից: <Դրանից հետո ակնկալում էի նման հայտարարություն լսել Բաքվից, բայց, ցավոք, ադրբեջանական իշխանությունից ակնարկ անգամ չեմ լսել այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է ինչ-որ կերպ բխել հայ ժողովրդի շահերից: Ստեղծված պայմաններում դժվար է լավատեսություն տածել հարցի կարգավորման առնչությամբ: Այնուամենայնիվ, հայկական կողմը հավատարիմ է մնում խաղաղարար բանակցություններին>,- հայտարարել էր Փաշինյանը՝ հիշեցնելով, որ լիազորված է բանակցություններ վարել միայն Հայաստանի, այլ ոչ թե Արցախի անունից: ՀՀ վարչապետն ընդգծել էր, որ ղարաբաղյան կարգավորման հարցում բոլոր գործընթացները պետք է երկուստեք լինեն, որևէ միակողմանի գործընթաց չպիտի լինի: