Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակասություններ չի տեսնում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրումն ամրապնդելու եւ Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների զուգահեռ զարգացման մեջ։ Այդ մասին Փաշինյանը հայտարարել է DW հրապարակած հարցազրույցում։
«Մենք չենք փորձում նստել երկու աթոռների վրա, մենք այդպիսի նպատակ չունենք,- հայտարարել է վարչապետը,- Եվրամիությունը աջակցում է մեր ժողովրդավարական բարեփոխումներին եւ մեր առջեւ Եվրասիական տնտեսական միության ու ԵՄ-ի միջեւ ընտրություն կատարելու խնդիր չի դնում: Այս երկու միջազգային կառույցների հետ հարաբերությունները լիովին թափանցիկ են։ Մենք չենք պատրաստվում մի գործընկերոջ հետ մեր հարաբերությունները զարգացնել ի վնաս մյուս գործընկերոջ»,- հայտարարել է Փաշինյանը հարցազրույցում։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու Կրեմլը, որը, Փաշինյանի իսկ գնահատականով, հեղափոխություններ չի սիրում, հանգիստ վերաբերվեց Երեւանում իշխանության փոփոխությանը, ՀՀ վարչապետը կտրականապես հրաժարվել է Հայաստանի իրադարձությունները, այսպես ասած, «գունավոր» հեղափոխությունների հետ նույն շարքում դնել։ «Մեր հեղափոխության մեջ որեւէ գեոպոլիտիկ ենթատեքստ չի եղել, - հայտարարել է նա,- եւ չի եղել որեւէ արտասահմանյան ուժ, որը կմասնակցեր եւ կներգրավվեր մեր ներքաղաքական գործընթացին»։ Ընդ որում, Փաշինյանը չի հստակեցրել, թե հատկապես ինչ «արտասահմանյան ուժ» ինքը նկատի ունի։
DW-ի խնդրանքով թվարկելով հայկական հեղափոխության ձեռքբերումները՝ նա հայտարարել է, թե «գլխավոր ձեռքբերումն այն է, որ այժմ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, երկրում արմատախիլ է արված համակարգային կոռուպցիան, չկան տնտեսական մենաշնորհներ եւ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջեւ ու իսկապես որոշում են իշխանության ճակատագիրը»։