Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ երկկողմ հանդիպումների առկայությունը դրական քայլ է, սակայն ժամանակն է խոսքից անցնել գործի: Այդ մասին պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
<Շատ լավ է, երբ կան այսպիսի համարձակ վարչապետներ, ովքեր խոսում են երկկողմ զիջումների մասին, նման պատրաստակամությունը շատ կարևոր է բանակցությունների համար>,- ընդգծել է կանցլերը:
Փաշինյանն իր հերթին հիշեցրել է, որ գլխավորելով նախարարների կաբինետը՝ խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ղարաբաղյան հակամարտության այնպիսի լուծում գտնելու մասին, որը կբխեր Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից: <Դրանից հետո ակնկալում էի նման հայտարարություն լսել Բաքվից, բայց, ցավոք, ադրբեջանական իշխանությունից ակնարկ անգամ չեմ լսել այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է ինչ-որ կերպ բխել հայ ժողովրդի շահերից: Ստեղծված պայմաններում դժվար է լավատեսություն տածել հարցի կարգավորման առնչությամբ: Այնուամենայնիվ, հայկական կողմը հավատարիմ է մնում խաղաղարար բանակցություններին>,- հայտարարել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ լիազորված է բանակցություններ վարել միայն Հայաստանի, այլ ոչ թե Արցախի անունից:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ ղարաբաղյան կարգավորման հարցում բոլոր գործընթացները պետք է երկուստեք լինեն, որևէ միակողմանի գործընթաց չպիտի լինի:
Անդրադառնալով բանակցությունների ձևաչափին՝ Փաշինյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաջողությամբ կատարում է իր միջնորդական առաքելությունը՝ բանակցությունների ողջ ընթացքում ապահովելով խաղաղություն և հարթակ կողմերի հանդիպումների համար. <Բայց այն չի կարող երեք կողմերի փոխարեն լուծել հակամարտությունը>: