Արմինֆո. Այն ձևով, որով 2008 թ. մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մեծ մտահոգություն է հարուցում: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով, արդարադատությունը չպետք է ընտրովի լինի, այն չպետք է հաշվեհարդարի կամ վենդետայի նպատակով հետապնդման տպավորություն թողնի: <Առաջին հերթին արդարադատությունը պետք է գտնի 10 զոհերի մեղավորներին: Իսկ տվյալ դեպքում առաջադրվում է զոհերի հետ կապ չունեցող մեղադրանք՝ <սահմանադրական կարգի տապալում>, որը դեռ պետք է ապացուցվի՝ ընդհանրապես եղել է, թե ոչ: Կա ակնհայտ փաստ՝ 2008 թ. մարտի 1-ի 10 զոհերը, և դրա համար մեղավորներին մենք պետք է գտնենք>,- հայտարարել է Ռուստամյանը՝ ընդգծելով, որ մարտիմեկյան իրադարձությունների երկու կողմերն էլ մեղավոր են: Նա նաև ընդգծել է, որ մարտի 1-ի գործում քաղաքական շարժառիթներն ակնհայտ են: