Արմինֆո. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումները եղել են հանպատրաստից, և օգտագործվել է այն առիթը, որ երկու ղեկավարները մասնակցել են նույն միջոցառումներին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նախօրեին «Եռաբլուր»-ում ի լրագրողների հետ ճեպազրույցում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, Զոհրաբ Մնացականյանը ողջունելի է համարել այդ հանդիպումները, որովհետև երկու ղեկավարների համար առիթ է եղել միմյանց ճանաչելու, միմյանց զգալու, միմյանց հետ փոխանակելու տեսլականները, մոտեցումները: «Եվ դա շատ դրական բան է այն առումով, որ ավելի դյուրացնում է, ավելի հնարավորություն է ստեղծում՝ ավելի լավ միմյանց զգալու և ավելի արդյունավետ աշխատելու այդ հարցերի շուրջ:
Վարչապետ Փաշինյանը խոսեց դրա մասին, և շատ լավ է, որ ղեկավարներն առիթ են ունեցել փոխանակելու մտքեր տարբեր հարցերի շուրջ, որպեսզի ավելի լավ պատկերացնեն միմյանց, միմյանց մոտեցումներն ու տեսլականները՚, - ասել է նա:
Անդրադառնալով երկու շաբաթ առաջ Էլմար Մամեդյարովի հետ իր հանդիպմանն առնչվող հարցին, Հայաստանի արտգործնախարը նշել է, թե այն, ինչ ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ, և ուրախալի է՝ նաև մյուս կողմի ու համանախագահների հաղորդագրությունների մեջ, այն, ինչ որ ասվել է, շարունակական, հետևողական քաղաքականություն է, որ մենք տանում ենք։ «Առաջինը, նորություն չէ մեզ համար, մենք միշտ խոսել ենք այն մասին, որ անհրաժեշտ է խաղաղությանը նպաստող միջավայր։ Վստահ եմ՝ բոլորդ հասկանում ենք, որ անհնար է մեկ կողմից խաղաղություն բանակցել, իսկ մյուս կողմից սերմանել թշնամություն կամ առավել ևս՝ մեծացնել լարվածությունը։ Այդ առումով է, որ մենք ուշադրություն ենք տալիս նրան, որ բոլոր այն հանգամանքները, որոնք վերաբերում են խաղաղությանը նպաստող միջավայրին, շատ էական, կարևոր էլեմենտներն են այս գործընթացի մեջ։ Դուք շատ լավ գիտեք, որ մենք արտահայտվել ենք, մենք որևէ կերպ չենք շեղվելու այն բաներից, ինչ որ ասել ենք։ Ես վստահ եմ, որ բազմիցս լսել եք, և որևէ շեղում այդ առումով չի եղել մեր դիրքորոշման մեջ: Մենք ընդգծել ենք այն բոլոր հիմնական սկզբունքները, որոնք վերաբերում են բացառապես խաղաղ բանակցություններով, բացառապես խաղաղ կարգավորմանը, բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որ մենք ընդգծել ենք այդ առումով խաղաղությանը նպաստող միջավայրի կարևորությունը և ամենակարևորը, որ մենք ասել ենք՝ Հայաստանի համար ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները։ Չկա այդպիսի մի բան և չի եղել որևէ բան, որ դուք չիմանաք: Բանակցությունները` այս երկխոսությունը, գնում է դրա շուրջ: Եվ այդ առումով է, որ ինձ համար շատ հետաքրքիր է եղել հետևել մեկնաբանություններին, և ինձ մոտ որոշ չափով եղել է նաև որոշ զարմանք, որ ինչ-որ պարտվողականության տրամադրությո՞ւն ունենք մեր հասարակությունում, թե՞ մենք ինքնավստահություն ենք կորցրել: Ես վստահ եմ, որ մենք նման բան չունենք մեր հասարակության մեջ, և կարիք չկա որևէ կերպ տեսնելու, որ ինչ-որ կերպ լինում է մի բան, որտեղ մենք խափանելու ենք մեր դիրքորոշումերը: Դա իսկապես հասարակության համար, բոլորիս համար վիրավորական է. պարտվողական չենք եղել և չենք լինելու, առավել ևս ինքնավստահության մասով: Եվ նաև ավելացնեմ, ինչ վերաբերում է Արցախի ներկայությանը և Արցախի որպես որոշիչ ձայն և ներգրավվածության հարցին, սա հետևղական աշխատանքն է: Սա նաև պրակտիկ կիրառական հարց է: Եթե ամեն բան միանգամից չի լինում, դա չի նշանակում, որ մոռացանք և անցանք: Նորից եմ կրկնում, սա մեր համար շատ հստակ պրակտիկ խնդիր է. ավելի գործնական և իրատեսական լինել, ավելի գործնական լիենել՝ այդ բանակցային գործընթացում պրոգրես ունենալու՚, - ասել է արտգործնախարարը:
Պատասխանելով ստատուսի և անվտանգության հարցում ադրբեջտանական կողմի հետ փոխըմբռնմանն առնչվող հարցին` Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ասել է. «Փոխըմբռնումն այնքանով է, վստահ եմ, որ բավական հասկանալի է այն, թե ինչ մոտեցումներով է Հայաստանը մոտենում: Եվ մենք մեր տրամաբանության, երկխոսության մեջ հասկանալի ենք դարձնում, թե ինչ նկատի ունենք՚:
Անդրադառնալով ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործողություններին առնչվող հարցին` արտգործնախարարը հայտարարել է. «Որպես սկզբունք մենք արտահայտել ենք, որ սա անհրաժեշտություն է, որևէ նորություն չկա: Եթե շատ ուշադիր հետևեք, անցած տարիների ընթացքում, բոլոր տարիների ընթացքում քանի անգամ է նման բան ասվել... մենք աշխատում ենք խաղաղության համար, բայց մեր վճռականությունը չպետք է հարցականի տակ դրվի: Մենք շատ հստակ ասել ենք. դա չի նշանակում, որ մենք կորցրել ենք վճռականությունը, դա նշանակում է, որ խաղաղությանն այլընտրանք չկա: Խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է: Սա շատ հստակ բերում ենք առաջ: Ինչ վերաբերում է ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն, այստեղ կան տարբեր գործառույթներ, ես չեմ կարող ձեզ ասել, որ մենք ունենք հստակ ձևավորված բանաձևեր թե ինչպես դա իրականացնել: Բայց այն, որ սա սկզբունք է, որն անհրաժեշտ է զարգացնել, դա միանշանակ է՚:
Պատասխանելով առաջիկայում Ղարաբաղի վերաբերյալ որևէ հուշագրի կամ այլ փաստաթղթի պատրաստմանն առնչվող հարցին` Զոհրաբ Մնացականյանն ասել է. «Այն, ինչ որ մենք անում ենք, անում ենք բավական բաց և թափանցիկ: Եթե լիներ, դուք կիմանայիք: Կա որոշ կոնֆիդենցիալության շրջանակ, որը տրամաբանական է, որովհետև բանակցությունների էությունն է այդպիսին, հարցի էությունն է այդպիսին: Սա մեխանիզմ է, որը մենք չենք հնարել, և որը գոյություն ունի այս գործի մեջ: Բայց չի լինի այնպես, որ մենք առաջ շարժվենք, ու հասարակությունը տեղյակ չլինի՚:
Անդրադառնալով բանակցային սեղան Արցախի վերադարձի հնարավորությանը` Հայաստանի արտգործնախարարը կարծում է, որ մեզ համար սա պրակտիկ հարց է, մեզ համար սա բանակցությունների արդյունավետության հարց է, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ որպես Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված ղեկավար, ներկայացնում է մեր դիրքորոշումները։ «Եվ Լեռնային Ղարաբաղը՝ որպես քաղաքական միավոր, ունի իր ժողովրդի կողմից ընտրված բոլոր մարմինները, որոնք պատասխանատվություն են կրում այդ հասարակության առջև։ Սա պրակտիկ հարց է։ Մենք մեր պատասխանատվությունից չենք փախչում և մենք շարունակական այս հարցը բերում ենք առաջ։ Սա չի նշանակում, որ մենք մեր պատասխանատվությունից փախչում ենք և բանակցություններին չենք նստում։ Սա չի նշանակում, որ քսան տարվա ընթացքում ձևավորված մի գործընթաց անմիջապես փոխվում է. բոլորը համաձայնվեցին և հարցն այդպես լուծվեց՚, - ասել է Մնացականյանը:
Մեկնաբանելով Դավոսում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական ոչ պաշտոնական հանդիպմանն ու գործընթացի վրա դա ազդեցությանն առնչվող հարցին`
Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է. «Միանշանակ օգուտ է։ Գործընթացի վրա տալիս են դրական ազդեցություն այն առումով, որ երկու երկրների ղեկավարները միմյանց շատ ավելի լավ են զգում, միմյանց շատ ավելի լավ են հասկանում։ Ձևավորվում է մի միջավայր, որտեղ ղեկավարները կարող են միմյանց շատ ավելի լավ հասկանալ և ավելի հստակ տեսնել, թե ինչպես կարող ենք շարժվել խաղաղության ապահովման ճանապարհով։ Այսինքն՝ սա միայն ու միայն դրական է: Գիտեք, որ շփումներ եղել են այնպես, որ իրենք օրակարգ չեն ունեցել և նպատակը եղել է, որպեսզի ղեկավարները միմյանց ավելի ծանոթ լինեն, փորձեն միջավայր ունենալ, որտեղ իրենք ունեն ավելի բարձր մակարդակի վստահություն, թե ինչպես կարելի է շարժվել առաջ՚։ Այդ համատեքդստում նա ընդգծել է, կա հիմնական կորիզը բանակցությունների, որը վերաբերում է հիմնարար կարգավորմանը հարցի, և կան հարցեր, որոնք վերաբերում են միջավայրին, այն ինչ որ կոչվում է խաղաղությանը նպաստելուն: «Եթե կա էսկալացիա, եթե կա ատելության սերմանում, սա չի նպաստում բանակցություններին: Այն ինչ որ վերաբերում է Վիեննային և Սանկտ Պետերբուրգին, վերաբերում է, ըստ էության ռիսկերի նվազեցմանը: Հիմա մենք ունենք Վիեննա, մենք ունենք Սանկտ Պետերբուրգ: Մեզ հաճախ հարց են տալիս, մենք դրանից հրաժարվել ենք: Մենք դրան անդրադառնում ենք որպես ռիսկերի նվազեցման մեխանիզմներ. դրան ավելացել է Դուշանբեն: Այս ժամանակաշրջանում մենք հասել ենք մի իրավիճակի, երբ նվազ ռիսկեր կան, հանգստություն շփման գծում և սահմանում: Սա նպաստավոր է, և մեր ուշադրությունը դրա վրա է: Որևէ հարց դուրս չի եկել: Դուք փաթեթավորմա՞ն մասին եք խոսում, այսինք թե փաթեթավորված է որպես Վիեննա՞, թե՞՝ որպես Սանկտ Պետերբուրգ, թե՞ որպես Դուշանբե, թե՞ որպես արդյունք: Ռիսկերի նվազեցումը եղել և մնում է ամենաէական հարցերից մեկը, ինչպես էլ դա կոչեք: Ինչ որ կաշխատի, կաշխատեցնենք: Այսօր մենք կարողացել ենք գործի դնել որոշ մեխանիզմներ, որոնք այդ ռիսկերի նվազեցման առումով աշխատում են: Եվ սա շատ էական է, շատ օգտակար է՚, - հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը, հավելելով, որ հայկական կողմից համար առաջնայինը ստատուսն է և անվտանգությունը: