Արմինֆո.Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անհրաժեշտ է համարիում ռազմաքաղաքական դաշինքի կնքումը Հայաստանի և Արցախի միջև:
Այդ մասին նա լրագրողներին հայտարարել է հունվարի 28-ին: Նրա համոզմամբ, դա անհրաժեշտ պայման է բանակցային գործընթացի համար: «Ժամանակին մենք դա առաջարկել ենք ներկա իշխանություններին, և այդ աշխատանքն այսօր ընթացքում է: Համոզված եմ, որ կարճ ժամանակահատվածում մենք դրան կհասնենք: Կա դրա վերաբերյալ դրական արձագանք, աշխատանք է ընթանում փաստաթղթի շուրջ՚, - հայտարարել է նա, համոզմունք հայտնելով, որ պետք է լինի փաստաթուղթ, որպեսզի Հայաստանն ու Արցախը միջազգային իրավական դաշտում կարողանան իրականացնել համապատասխան գործողություններ, միջոցառումներ, ռազմական համագործակցություն, ինչպես նաև` իրավապահ մարմինների, դատախազությունների ԱԱԾ, ոստիկանության միջև:
Հիշեցնենք, որ օրերս ՀՅԴ-ն 33-րդ ընդհանուր ժողովում կոչ էր արել անհապաղ ռազմաքաղաքական դաշինք կնքել Հայաստանի և Արցախի միջև: «Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով եւ Սահմանադրությամբ ամրագրված Անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են: Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջեւ ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է։ Աշխարհասփյուռ իր կառույցով, ՀՅ Դաշնակցությունն անվերապահ աջակցություն է հայտնում Արցախի Հանրապետության իշխանություններին՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության եւ տարածքային ամբողջականության ապահովման հարցերում եւ հայտնում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու այդ հանձնառությունը: Նկատի ունենալով վերջին ամիսներին Արցախի շուրջ բանակցությունների ակտիվացումը, այդ ընթացքում հակամարտության կողմերի եւ միջնորդների արված հայտարություններով ու քայլերով պայմանավորված մտահոգությունները, ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը արձանագրում է՝
• Բանակցությունները պետք է ընթանան Արցախի Հանրապետության իշխանությունների լիարժեք մասնակցությամբ,
• Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջազգային հարթակներում շարունակել հանդես գալ Արցախի անկախության եւ անվտանգության երաշխավորի հանձնառությամբ», - ասվում է ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովի հայտարարությունում։