Արմինֆո.«ՎՏԲ-Հայաստան Բանկը» եւ «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունը ճանաչվել են ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի լավագույն գործընկերներ ինչպես 10-ամյակում, այնպես էլ 2018 թվի արդյունքներով: Հունվարի 24-ին ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության տասնամյակին նվիրված մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը:
«Մեր գործունեության առանցքային պահերից մեկը կողմերի հաշտեցման միջոցով վեճերի լուծումն է, եւ ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքների հիման վրա մենք որոշում ենք լավագույն գործընկերներին», - պարզաբանել է Փ.Սարգսյանը:
Միեւնույն ժամանակ, Ֆինանսական հաշտարարը պատվոգրեր է հանձնել բանկային հատվածի և ապահովագրական ոլորտի լավագույն գործընկեր մասնագետներին: Այսպես, ուսումնասիրվող գործերի լուծմանն աջակցության համար պատվոգրեր են ստացել ՎՏԲ-Հայաստան Բանկի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Աննա Բաղդասարյանը եւ «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության անշարժ գույքի ապահովագրության հայտերի կարգավորման վարչության մասնագետ Լուսինե Հակոբյանը: