


Արմինֆո.Սերժ Սարգսյանը անհրաժեշտ ամեն բանն արեց, որպեսզի իր հաջորդի ձեռքով տարածքների հանձնումն իրականություն դառնա: Այդպիսի կարծիք է հայտնել Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Ֆեյսբուքի՚ իր էջում զետեղված գրառման մեջ:
«Խնդիրը մեզ համար այն չէ, որ կոչ է արվում ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, այլ այն, թե ինչ պայմաններով, իսկ եթե ավելի կոպիտ ասելու լինենք՝ թե կողմերից որ մեկի կենսական շահերի ոտնահարման արդյունքում պետք է այդ խաղաղությունը հաստատվի: Ըստ էության տարածքների հանձնումն անձամբ հրապարակավ երաշխավորած Սերժ Սարգսյանը հաջող կերպով թռավ արանքից մայիսին, բայց մինչ այդ անհրաժեշտ ամեն բանն արեց, որպեսզի իր հաջորդի ձեռքով տարածքների հանձնումն իրականություն դառնա: Ընդ որում Սերժ Սարգսյանի արդարացումն այն էր, որ տարածքները հանձնվելու են Արցախին անկախ կարգավիճակ շնորհելու դիմաց, մինչդեռ այժմ կարգավիճակի մասին խոսակցությունները մարել են: Դա էլ իր կառավարման վերջին երկու տարիների ընթացքում գրանցված բանակցային ՙՙձեռքբերումնՙՙ է եղել, ապրիլյան պատերազմի հետ միասին: Մենք կարող ենք ունենալ արդյունավետ արտաքին քաղաքականություն, որը կապահովագրի մեզ անիմաստ ու վտանգավոր տարաբնույթ կորուստներից, բայց դրա համար Հայաստանի իշխանությունները պետք է նախ քաղաքականություն վարել ցանկանան, ապա այն մշակելու և իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական ներուժը ներգրավեն՚, - գրել է նա:


