Արմինֆո. Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում կոռուպցիոն դրսևորումներին առնչվող գործի շրջանակում ցուցմունք տալու համար նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից բացի Քննչական կոմիտե են հրավիրվել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Մանուկ Վարդանյանը և «Հայանտառի՚ նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:
ԱրմԻնֆո-ին այդ մասին հաղորդել են ՀՀ քննչական կոմիտեում: Հովիկ Աբրահամյանն արդեն հասցրել է հերքել իր մեղսակցությունն այդ գործին և Հրազդանի անտառտնտեսությունում իրեն պատկանող հողակտորի առկայությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ։ Քրեական գործի համար հիմք է ծառայել «Հետք» տեղեկատվական կայքում 2018թ. սեպտեմբերի 28-ին հրապարակված «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ նյութ, որտեղ մատնանշված հանգամանքներն ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առերևույթ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ։ Պորտալի տվյալներով, նշված անձանցից բացի կոռուպցիոն գործարքի հետ առնչություն ունեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին, ՀՅԴ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը, նախկին «ընդդիմադիր» պատգամավոր Ռուբեն Հակոբյանի տիկինը, Դանիայում Հայաստանի նախկին դեսպան Հրաչյա Աղաջանյանը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մերձավորներից ոմանք, Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը, նրա նախկին խորհրդականի որդին, սպանված քրեական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ) տիկինը: