Արմինֆո. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին օրը քննարկել է 2018 թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարաական ընտրություններին, ինչպես նաև Վրաստանում /հոկտեմբերի 28-ին և նոյեմբերի 28-ին/ նախագահական ընտրություններին կազմակերպության դիտորդների աշխատանքի արդյունքները:
Ֆրանսիացի պատգամավոր Նիկոլ Դյուրանտոնը Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցը, որը կազմել էր ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Պաչիերը, անվանել է ամբողջական և հավասարակշռված։ Պատգամավորը, սակայն, մտահոգություն է հայտնել ընտրություններին մասնակցության ցածր աստիճանի առնչությամբ:
«Ընտրությունները լավ կազմակերպված էին՝ հիմնված ընտրության ազատության և ԶԼՄ-ների բազմակարծության վրա, սակայն մտահոգություններ կան ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում չափազանց ագրեսիվ հռետորաբանության առնչությամբ>,-ասել է Դյուրանտոնը՝ հավելելով, որ այս ընտրությունները հաջողված էին Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար։
Սլովենիայի պատգամավոր Անդրեյ Սիրջելը, ով ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամ էր, ընդգծել է Հանրային հեռուստատեսությամբ երեք ժամ տևած բանավեճի կարևորությունը:
<Այնուամենայնիվ, ատելության հռետորաբանությունը քարոզարշավի ժամանակ նկատելի է եղել՝ հատկապես առցանց մեդիայում հրապարակվող նյութերի առնչությամբ մեկնաբանություններում>,- նշել է պատգամավորը՝ ընդգծելով, որ ՀՀ ընտրությունները, այնուամենայնիվ, անցել են խաղաղ ու հանգիստ։
Ելույթ են ունեցել նաև ադրբեջանցի պատվիրակները, ովքեր այս անգամ իրենց
քննադատությունն ուղղել են ոչ թե Հայաստանին, այլ ԵԽԽՎ-ին՝ Հայաստանի անցած ընտրությունների առնչությամբ դրական զեկույցների և ելույթների հետ կապած:
Ադրբեջանցիների ելույթներին ի պատասխան՝ ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը նշել է, որ շատ ուրախ է տեսնել, թե ինչպես են ադրբեջանցի գործընկերները հետևում Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին և Ադրբեջանին մաղթել <թավշյա հեղափոխություն>. որքան շուտ, այնքան լավ՝ ՝ հանուն իրենց իսկ բարօրության։