Արմինֆո. Վերջին շրջանում ադրբեջանական հասարակությունում դիտվող դեպրեսիայի շրջանից հետո այս տարվա սկզբին երկրում որոշակի ցնցում տեղի ունեցավ, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը:
<Այդ ցնցումը հիմնականում պայմանավորված էր <Մեհման Հուսեյնովի գործով>՝ բլոգեր, ով տեսանյութեր է նկարահանում կոռումպացված պաշտոնյաների, ինչպես նաև Ադրբեջանում իշխող ընտանիքի մասին, ինչի համար էլ բանտարկվեց բացարձակապես կեղծ մեղադրանքներով, ինչպես, սովորաբար, տեղի է ունենում ժամանակակից Ադրբեջանում: Բացի այդ, հիմա մեր իշխանությունները որոշել են վերականգնել հին ստալինյան գործելակերպը, երբ քաղբանտարկյալների առնչությամբ գործել է կանոն՝ կալանքի ժամկետը լրանալուց առաջ մտացածին պատրվակով նոր մեղադրական հոդվածներ և ժամկետներ են ավելացվել կալանավորին>,- նշել է նա:
Հունվարի 19-ին Բաքվում՝ <Մեհսուլ> ստադիոնում, տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաքը՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Կազմակերպիչների տվյալենրով, բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 20 հազար մարդ: Ցուցարարները պահանջել են ազատել հացադուլ հայտարարած բլոգեր Մեհման Հուսեյնովին, ինչպես նաև հանդես են եկել Իլհամ Ալիևի հրաժարականի պահանջով:
Յունուսովի կարծիքով, քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովը, չդիմանալով իր նկատմամբ ստալինյան մեթոդների կիրառմանը, հացադուլ է հայտարարել: Իրավապաշտպանի խոսքով, այդ ակցիան մեծ աջակցություն է գտել հասարակության շրջանում: Դրան միացել են ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչները, նույնիսկ բանտերում քաղբանտարկյալների հացադուլ է սկսվել: Դրան հաջորդել է Եվրախորհրդարանի հայտնի բանաձևը, ինչ էլ ավելի է ցնցել ադրբեջանական հասարակությունը:
Հունավարի 17-ին Եվրախորհրդարանն Ադրբեջանի առնչությամբ բանաձև է ընդունել, որում շեշտը դրվել է այդ երկրում մարդու իրավունքների խախտման վրա: Դրա համար առիթ է հանդիսացել Մեհման Հուսեյնովի կալանավորումը և կալանքի ժամկետի երկարաձգումը:
<Այդ ամենն անդրադարձել է հանրահավաքի վրա, որին ավելի շատ մարդ է եկել, քան շատերը, հատկապես իշխանությունները, սպասում էին: Արդյունքում իշխանությունները և անձամբ Իլհամ Ալիևն ակնհայտորեն շփոթված են: Նրանց մոտ հիմա անհաջողությունների շարք է սկսվել՝ հատկապես եվրոպացիների հետ հարաբերություններում: Բայց նրանք բավականաչափ ռեսուրսներ ունեն, այդ պատճառով առայժմ Հայաստանի օրինակով հեղափոխական իրադարձությունների զարգացման հավանականության մասին խոսելը դեռ վաղ է>,- ամփոփել է Յունուսովը: