Արմինֆո.<Նաիրի Ինշուրանս> ապահովագրական ՍՊԸ-ն, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս:
Ինչպես հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, իրավապահ մարմիների համագործակցության շրջանակում ՀՀ ՊԵԿ քննչական վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք:
ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016-2017 թվականների ընթացքում <Նաիրի Ինշուրանս> ապահովագրական ՍՊԸ ղեկավար անձինք շահառուների հետ ապահովագրական պայմանագրերի կնքումն արհեստականորեն ձևակերպել են որպես ապահովագրական միջնորդ հանդիսացող տարբեր անձանց անուններով և դրանց դիմաց դուրս գրել ապահովագրական միջնորդավճարներ: Ապահովագրական միջնորդ հանդիսացող անհատ ձեռնարկատերերը եղել են <Նաիրի Ինշուրանս> ապահովագրական ՍՊԸ նախկին աշխատակիցներ, ինչպես նաև ընկերության հետ առնչություն ունեցող այլ անձինք, որոնք փաստացի ապահովագրական միջնորդային գործունեություն չեն ծավալել, սակայն վերջիններիս անվամբ, որպես ապահովագրական պոլիսների կնքման համար հասանելիք միջնորդավճարներ, <Նաիրի Ինշուրանս> ապահովագրական ՍՊԸ-ի կողմից փոխանցվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Արդյունքում, որպես միջնորդավճար փոխանցված գումարները <Նաիրի Ինշուրանս> ապահովագրական ՍՊԸ-ի կողմից ներառվել են 2016-2017 թվականների հաշվետու տարիների համար հարկային մարմին ներկայացված հաշվարկների ծախսային հոդվածի մեջ, նշված գումարների չափով նվազեցվել է հարկվող շահույթը, ինչի հետևանքով, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է մոտ 200 միլիոն ՀՀ դրամ գումարի վնաս (առանց տույժ և տուգանքների):
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու և պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ: