Արմինֆո.Նախարարությունների թվի կրճատման հիմնական շարժառիթը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ձգտումն է: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, ինչքան շատ նախարարություն կա երկրում, նշանակում է՝ կառավարությունն այնքան շատ բան է ուզում վերահսկել, իսկ կառավարությունն ինչքան շատ բան է ուզում վերահսկել, այնքան շատ մեծանում են կոռուպցիոն ռիսկերը: <Պետական կառավարման համակարգում ընթացակարգերը պետք է առավելագույնս թափանցիկ լինեն: Միջազգային ստանդարտների համաձայն՝ ընդունված է, որ կառավարման համակարգում լինի 9-11 աշխատողին 1 ղեկավար, իսկ մեր դեպքում 3-5 աշխատողին 1 ղեկավար է բաժին ընկնում:
Ունենք իրավիճակներ, երբ կան օղակներ, բաժիններ, որ ունեն ղեկավարներ, բայց չկան ենթականեր, օրինակ՝ նախարարություններում կան բաժիններ, բաժնի պետեր, որոնք չունեն աշխատակիցներ, քանի որ բաժնի պետի, տեղակալի աշխատավարձերն ավելի բարձր են, քան աշխատողներինը: Երբ շատ են աշխատողները, աշխատավարձերն էլ են ցածր լինում: Պետական համակարգի օպտիմալացումը նաև պատշաճ աշխատավարձերի ապահովումն է>,- հայտարարել է նա:
Փաշինյանը կոչ է արել պետական կառավարման համակարգը չդիտարկել՝ որպես աշխատանքի տեղավորման գործակալություն: <Նման մոտեցման դեպքում երկիրը կարող է ճգնաժամում հայտնվել>,- հավաստիացրել է նա՝ օրինակ բերելով նախարարությունների, որտեղ օպտիմալացման հաշվին աշխատավարձի չափն արդեն բարձրացվել է:
Նրա խոսքով, այդ գործընթացը նաև ֆունկցոինալ նշանակություն ունի:
<Պետական կառավարման համակարգում գործառույթների կրկնություններ չպետք է լինեն: Այսպես՝ ճանապարհներով մեզ մոտ զբաղվում է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը: Եվ նման օրինակները շատ են>,- նշել է վարչապետը:
Փաշինյանը նշել է, որ նպատակահարմար է համարում էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունների միավորումը, քանի որ երկու գերատեսչույթուններն էլ զբաղվում են արտահանմամբ:
<Կարևոր է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարության ստեղծումը, քանի որ այդ ոլորտն առաջնահերթ է մեզ համար>,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ նախարությունների կառուցվածքի փոփոխությունն արդեն քննարկվել է կառավարությունում և կքննարկվի խորհրդարանում: