Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, պահպանելով նախորդ հայտարարությունների միտումները, այնուամենայնիվ, նոր տարրեր է պարունակում: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Ըստ որում, ինչպես նշել է նա, նոր տարրերը լավ մոռացված հինն են, որոնք բազմիցս հայտնվել են հակամարտության կարգավորման գործընթացի տարբեր փուլերում: <Հայտարարությւնը շատ հետաքրքիր ձևակերպում է պարունակում խաղաղության նախապատրաստման հստակ քայլերի վերաբերյալ: Դա միաժամանակ թե կոչ է, թե բանաձև՝ ուղղված առաջին հերթին Բաքվին, որը չի հրաժարվում խնդրի լուծման ռազմատենչ նկրտումներից: Այ կոչը ենթադրում է երկարաժամկետ գործողություններ, հասարակությունները պետք է հասկանան, որ խաղաղությանն այլընտրանք չկա, անցյալին վերադարձ չկա, չպետք է լինեն պարտվողներ և հաղթողներ, պետք է լինի ընդհանուր հայտարար: Սա հատկապես կարևոր է այն պատճառով, որ վերջին 3 տասնամյակներին Ադրբեջանի քաղաքականության հիմքում դրված է հայատյաց քաղաքականությունը: Դա ենթադրում է նաև բոլոր կողմերի երկխոսություն, այսինքն՝ Ստեփանակերտի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ>,- հայտարարել է Բաբայանը: Ըստ որում, նա անհնար է համարել <տարածքներ՝ խաղաղության դիմաց> բանաձևի իրականացումը: <Այդ բանաձևի իրականացումը կհանգեցնի ոչ թե խաղաղության, այլ՝ նոր պատերազմի, քանի որ տարածքների վերադարձի դեպքում Արցախի անվտանգությունը լուրջ վտանգի տակ կհայտնվի, և Բաքուն, գայթակղվելով դրանով, նոր լայնամասշտաբ պատերազմ կսանձազերծի>,- հայտարարել է Բաբայանը՝ ընդգծելով, որ խաղաղության նախապատրաստման վերաբերյալ համանախագահների կոչում նման ենթատեքստ չի տեսել: Հաջորդ ուշագրավ դրույթը հայտարարությունում տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացման կոչն է: Այս առնչությամբ Բաբայանը նշել է, որ Արցախի իշխանությունները բազմիցս խոսել են նման հնարավորության մասին: <Օրինակ՝ մենք բազմիցս համագործակցություն ենք առաջարկել ջրային պաշարների փոխանակման ոլորտում, սակայն Բաքուն հրաժարվել է>,- հայտարարել է նա: Ըստ որում, Բաբայանը կոչ է արել չմոռանալ իրականությունը, չէ՞ որ Բաքուն մի բան է ասում՝ մեկ այլ բան անում: