Արմինֆո.Ֆորմալ առումով Հայաստանում չկան մոնոպոլիաներ, բայց հանրապետությունը դեռ չի ազատվել շուկայի տարբեր հատվածներում վաղուց աշխատող մոնոպոլիաների առկայության հետևանքներից: Այդ մասին հունվարի 16-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով, Հայաստանում երկար տարիներ մոնոպոլիաներ են ձևավորվել տարբեր ապրանքների ներմուծման, այդ թվում՝ բանանի և շաքարի: <Այսօր շաքար ներկրողների թիվն ավելացել է, սակայն մի՞թե հայկական շուկան այնքան մեծ է, որ երկար տարիներ մենաշնորհ ունեցող տնտեսվարող սուբյեկտն ինքնակամ զիջի իր դիրքերը: Դժվար է պատկերացնել, որ շուկայի և սպառման ներկայիս ծավալների պայմաններում երկրում նոր խաղացողներ հայտնվեն>,- ասել է ՊԵԿ ղեկավարը:
Ինչպես նշել է Դավիթ Անանյանը, երկրի իշխանություններն այսօր մտածում են սպառման ծավալների ավելացման համար պայմանների ստեղծման շուրջ, օրինակ՝ շաքարի կամ այլ ապրանքների օգտագործմամբ արտադրության կազմակերպման՝ պատրաստի արտադրանքի հետագա արտահանման համար: