Արմինֆո. Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ երրորդ դիմումը, հնարավոր է, ներառի ՀՀ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդման տարրեր` ավելի վաղ նշված արդարադատության և արդար քննության նորմերի խախտումներից զատ:
Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը: Միևնույն ժամանակ, այսօր առաջին ատյանի դատարանը քննում է Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։
Օրբելյանի ասելով, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը մշակում է երրորդ հայցը ՄԻԵԴ ներկայացնելու համար, որում շեշտը կդրվի դատական գործընթացի քաղաքական բաղադրիչի վրա. Քոչարյանը կներկայացվի որպես քաղբանտարկյալ։
Միևնույն ժամանակ, Արամ Օրբելյանը հրաժարվել է կանխատեսում անել ՀՔԾ միջնորդության վերաբերյալ դատարանի որոշման առնչությամբ: Դրական որոշման դեպքում վերանում է Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման վերաբերյալ պաշտպանական կողմի դիմումը քննելու անհրաժեշտությունը:
Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հայտարարել էին, որ ՄԻԵԴ-ում արդեն կա 2 հայց, որոնցից մեկը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին Վերաքննիչ դատարանի որոշմանը, մյուսը` Քոչարյանի պաշտպանության իրավունքի և անմեղության կանխավարկածի խախտմանը, որը ՄԻԵԴ է ուղարկվել դեռ նախորդ տարվա հոկտեմբերին:
Հավելենք, որ Երևանի առաջին ատյանի դատարանը պետք է քննի միաժամանակ երկու միջնորդություն, որոնք ներկայացրել են պաշտպանական և մեղադրող կողմերը: Դրանցից մեկը վերաբերվում էՔոչարյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի կիրառմանը` գրավի դիմաց ազատ արձակմանը, մյուսը` նրա կալանքը ևս երկու ամսով երկարաձգմանը: Փաստաբանները կարծում են, որ Քոչարյանը չի կարող մեղադրվել «մարտի 1-ի գործով՚` սահմանադրական կարգի տապալման հոդվածի հատկանիշներով, քանի որ 2008 թվին Հայաստանի Քրեական օրենսգրքում նման հոդված չի եղել: