Արմինֆո.Բաքվի «դիպուկահարների պատերազմով՚ շանտաժին Երևանը պետք է պատասխանի նոր բանակցային օրակարգով և ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
«Հարևան երկրի իշխանությունները փորձում են Երևանի նոր իշխանությունների հետ բանակցությունների շարունակում ապահովել Երևան-Ադրբեջան ձևաչափով` զորքերի շփման գծում լռության դիմաց որոշակի տարածքներ ստանալու վերջնական նպատակով: Եվ դա` առանց Արցախի վերջնական կարգավիճակը որոշելու: Նման շանտաժի քաղաքականության պատասխանը, իմ կարծիքով, այլընտրանք չունի. որակապես նոր քաղաքական և բանակցային մթնոլորտի ձևավորում: Դրա համար, անշուշտ, անհրաժեշտ է Հայաստանում կառավարող վերնախավի լուրջ մասնագիտական աշխատանք: Համոզված եմ, որ Բաքվի դիրքորոշումը փոխելուն նպատակաուղղված նման խնդրի իրագործումը միանգամայն հնարավոր է՚, - ընդգծել է վերլուծաբանը:
Մելիքյանի գնահատմամբ, այդ աշխատանքի սկիզբն արդեն դրվել է բանակցային գործընթացում Արցախից բանակցողների ներգրավելու անհրաժեշտության վերաբերյալ պաշտոնական Երևանի համապատասխան հայտարարությամբ` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, և այժմ Հայաստանը պետք է դրսևորի հետևողականություն` ի հաստատումն սեփական քաղաքական դիրքորոշման: Անկախ Ադրբեջանի ցանկություններից և պնդումներից, որը ձգտում է բոլոր ուժերով պահպանել իրենց շահավետ երկկողմ բանակցային ձևաչափը:
Այդ լույսի ներքո` վերլուծաբանը մեծապես կարևորում է հակամարտության վերջնական կարգավորման Հայաստանի նոր իշխանությունների տեսլականը: Նրա կանխատեսմամբ, արցախյան տարածքների շուրջ Բաքվի առաջարկած պայմաններով սակարկության ցանկացած փորձ կհանգեցնի Հայաստանի իշխանությունների լեգիտիմության բավականին բարձր աստիճանի կորստի: Եվ հակառակը. Արցախի շուրջ տևական հաշտության ձեռք բերումը, որը համապատասխանում է Հայաստանի շահերին, հայերին կհամախմբի նույնսիկ ոչ լեգիտիմ իշխանության շուրջ: