Արմինֆո.Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը նախօրեին ընդունել է Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդգելդի Այազովին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրին` ԱԳ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը շնորհավորել է դեսպան Այազովին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունն առավել խորացնելու և ընդլայնելու հայ-թուրքմենական համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ համոզմունք հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա այդ գործում։ Այս առնչությամբ երկուստեք կարևորվել է տարբեր մակարդակներում երկկողմ հանդիպումների և բարձրաստիճան փոխայցելությունների դինամիկայի պահպանումը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և Թուրքմենստանի դեսպանը բարձր են գնահատել բազմակողմ հարթակներում ձևավորված փոխշահավետ համագործակցությունը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ որպես կարևոր ուղղություններ առանձնացնելով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, հումանիտար և մշակութային կապերի խորացումը: Այդ համատեքստում ընդգծվել է միջկառավարական տնտեսական հանձնաժողովի և միջխորհրդարանական բարեկամության պատգամավորական խմբի գործունեությունը, ինչպես նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը: Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը նորանշանակ դեսպանին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ որպես կառավարության գործունեության գերակա ուղղություն առանձնացնելով զարգացման օրակարգի առաջմղումը: Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հիմնահարցերի շուրջ։ Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ Հայաստանի մոտեցումները և առաջնահերթությունները։