Արմինֆո.Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով բողոքի ակցիայի մասնակիցները ցանկանում են երեք օրվա ընթացքում հանդիպել վարչապետի հետ: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը` Ջիվան Աբրահամյանը:
Նա հույս է հայտնել, որ Փաշինյանը կհամաձայնի հանդիպել իրենց հետ: «Բացի Նիկոլ Փաշինյանից, իշխանություններից որևէ մեկի հետ չենք ուզում հանդիպել. պարոն Փաշինյան, երեք օրվա մեջ կազմակերպեք, որ մեր խումբը հանդիպի Ձեզ հետ, Ձեզ մի քանի բան ունենք հայտնելու, ցանկություն ունենք ձեզ հետ հանդիպելու», – ասել է նա՝ քաղաքացիներին կոչ անելով անհնազանդության ակցիաներ սկսել։ Աբրահամյանը հայտարարել է, որ բողոքի ակցիայի մասնակիցները կշարժվեն Արշակունյաց պողոտայով` չբացառելով փողոցը փակելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում էր կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին, ում մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ ԶՈՒ համար նախատեսված պարեն և այլ պարագաներ հափշտակելու համար: Դեկտեմբերի 22-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գրավի դիմաց Գրիգորյանի ազատ արձակման դատարանի որոշմանը, տարակուսանք էր հայտնել նման որոշման հիմքերի առնչությամբ: Վարչապետի պաշտոնակատարը նաև հայտարարել էր որ բողոքի ակցիաներ անցկացնելը քաղաքացիների իրավունքն է: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դեմ բողոքի գործողություններ են անցկացվում Էջմիածնում, Երևանում: Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ուղարկել ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված որոշման դեմ: