Արմինֆո. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է մերժել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ներկայացրած՝ դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի միջնորդությունը: Այդ որոշումը հիմնավորվել է այն հանգամանքով, որ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կապերը դատավորի ընտանիքի հետ այնքան սերտ չեն, որ ազդեն դատարանի որոշման վրա։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին հաղորդել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռ. Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նրան գրավի դիմաց կալանքից ազատելու գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին, պատճառաբանելով, որ երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը մտերիմ է դատավորի ընտանիքի հետ: Ավելի վաղ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության գործով դատավոր Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ էր վերցրել` առանց պատճառները նշելու: