Արմինֆո. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կձգտի պահպանել ստատուս-քվոն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: Caucasus Watch-ում հրապարակված հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել բրիտանացի քաղաքագետ, «Carnegie Europe»-ի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը:
Նրա խոսքերով, ինքը մեծ փոփոխություններ չի ակնկալում Հայաստանի նոր կառավարությունից, առնվազն` մոտ ապագայում: «Փաշինյանը պատրաստվում է, պարզապես, պահպանել ստատուս-քվոն, եւ դա, հավանաբար, Ադրբեջանի սրտով չէ: Ադրբեջանը համաձայն չէ ներկայիս ստատուս-քվոյի պահպանմանը, բայց, ցավոք սրտի, սա, իմ կարծիքով, այն է, ինչ ցանկանում է Հայաստանի նոր ղեկավարությունը», - ասել է բրիտանացի քաղաքագետը:
Այնուհետեւ, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, նա նշել է, որ հակամարտությունը դժվար լուծելի է եւ չի կարող արագ կարգավորվել:
Թոմաս դե Վաալը նշել է, որ այս հակամարտության լուծման համար շատ թույլ միջազգային մեխանիզմ կա: «ԵԱՀԿ վեց դիտորդների փոքր դիտորդական առաքելություն կա, ինչպես նաեւ` համանախագահության ձեւաչափում չափազանց համեստ Մինսկի խումբ, որը փորձում է միջնորդել հակամարտությունների կարգավորման գործում: Այնպես որ, ամեն ինչ կախված է, հիմնականում, երկու երկրների ղեկավարների կամքից եւ որոշումների ընդունումից՚, - ասել է քաղաքագետը: