Արմինֆո.Էջմիածնի բնակիչները շարունակում են բողոքի ակցիաները Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դատարանի որոշման դեմ: Բողոքի ցույցը տեղի է ունենում «Զվարթնոց՚ օդանավակայան տանող ճանապարհին: Ինչպես երեկ, ակցիայի մասնակիցները պահանջում են անմիջապես կալանավորել Մանվել Գրիգորյանին:
«Մենք որեւէ մեկի հետ հանդիպում չենք ուզում, մենք ուզում ենք, որ մեր պահանջները կատարվեն», - ասել են ակցիայի մասնակիցները: Ցուցարարները հայտարարել են, որ մտադիր են փակել ճանապարհը:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ից Էջմիածնում վերսկսվել են գրավի դիմաց Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիաները: Ժամը 16:00-ին ցուցարարները հվաքվել էին Երևանում` Վերաքննիչ քրեական դատարանի շենքի մոտ, որտեղ սկսվել էր ՀՀԿ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխման մասին միջնորդության քննարկումը:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21-ին որոշել էր 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին, որին մեղադրանք է առաջադրվել զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության և ԶՈՒ համար նախատեսված պարենի և պարագաների յուրացման համար: