Արմինֆո.ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու գործով դատավոր Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ է վերցրել, նիստը հետաձգվել է անորոշ ժամկետով: Այդ մասին հունվարի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:
Նա նշել է, որ դատավորը չի պարզաբանել ինքնաբացարկի պատճառները:
Նշենք, որ նախօրեին դատախազությունն ու քննիչն ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել գործը քննող դատավոր Բաղդասարյանին: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը նշել էր, որ դատավորի ինքնաբացարկի պահանջը կապված է վերջինիս կողմից մեկ այլ գործով ավելի վաղ ընդունված որոշման հետ, որն առնչություն չունի Քոչարյանի հետ: Թե ինչ գործով, փաստաբանը ձեռնպահ է մնացել մեկնաբանելուց:
Օրբելյանը նշել է արդարադատությունից խուսափելու փորձերի ակնհայտությունը: <Բոլոր փաստերը հայտնի էին ավելի վաղ, և դատավորը կարող էր ինքնաբացարկ վերցնել ինչպես դեկտեմբերի 26-ին, այնպես էլ՝ 28-ին: Ի՞նչ իմաստ կար ամեն բան հետաձգել մինչև այսօր>,- հռետորական հարց է տվել փաստաբանը: Նա նաև ընդգծել է, որ գործի հետագա քննությունը կախված է այն բանից, թե որ դատավորին կհանձնարարվի գործը: Փաստաբանը հայտնել է նաև, որ պատրաստվում են նոր միջնորդություններ Սահմանադրական դատարան, որոնք վերաբերում են կալանքի կիրառման պայմանների օրենսդրական կարգավորումներին և անձեռնմխելիության ինստիտուտին: