Արմինֆո.Բարձրացնելով գազի գինը Հայաստանի համար` Մոսկվան պրագմատիզմ է դրսևորում մյուս գործընկերների, առաջին հերթին, Բելառուսի նկատմամբ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել էներգետիկ անվտանգության բնագավառի փորձագետ Վահե Դավթյանը:
«Այստեղ միանգամայն տեղին է նշել վերջին ամիսներին նավթի արժեքի մինչ օրս շարունակվող անկումը` 1 բարելի դիմաց 85 դոլարից մինչև 55 դոլար, ինչի արդյունքում նավթ ու գազ արտահանողններից շատերն ստիպված էին նավթային կորուստները փոխհատուցել գազի գների բարձրացման հաշվին: Եվ «Գազպրոմը՚, որը բախվել է խնդիրների եվրոպական շուկայում` այնտեղ ԱՄՆ-ի հեղուկ բնական գազի հայտնվելու առնչությամբ, այս առումով բացառություն չէ: Այսպիսով, արտաքին շուկաներում Մոսկվայի խնդիրները, կամա թե ակամա, անդրադաձան մինչև 2019 թվականը շուկայականից ցածր գնով ռուսական գազ գնող Հայաստանի վրա: Դրանով իսկ Ռուսաստանը ներմուծող երկրներին իրազեկում է մատակարարվող գազի գնի զեղչերի անհնարինության մասին՚, - ընդգծել է Դավթյանը:
Դեկտեմբերի 31-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաղորդեց Հայաստանի համար ռուսական գազի առաջիկա թանկացման մասին, ընդսմին համոզմունք հայտնելով, որ սպառողների համար ներքին սակագները կպահպանվեն նախկին մակարդակում, փաստորեն` «Գազպրոմ Արմենիայի՚ մարժայի հաշվին: «Գազպրոմի՚ 100 տոկոսանոց «դուստրն՚ այսօր գազը բնակչությանը վաճառում է 1000 խմ դիմաց 290 դոլարով: Նույն օրը «Գազպրոմը՚ հայտարարեց Հայաստանի սահմանին 1000 խմ գազի գնի 150 դոլարից մինչև 165 դոլար թանկացման մասին:
Նման իրողությունների լույսի ներքո փորձագետը հակված չէ սահմանին գազի գնի փոփոխությունը պայմանավորել Հայաստանի ղեկավարության փոփոխությամբ կամ Հայաստանին ամիջականորեն առնչվող որևէ այլ քաղաքական գործոնով: Նրա համոզմամբ, հակառակ դեպքում «երկնագույն վառելիքի՚ գնի աճը չէր սահմանափակվի սահմանով և, անկասկած, կանդրադառնար նաև ներքին գնագոյացման վրա:
Այդուհանդերձ, Դավթյանը Հայաստանի ներսում գազի խնդրի լուծումը համարում է ընդամենը ժամանակավոր, քանի որ հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքի վրա լուրջ ճնշման ռիսկերը երկարաժամկետ կտրվածքով առաջվա պես վիթխարի են: Այդ առնչությամբ փորձագետը չի բացառում ժամանակի ընթացքում Ռուսաստանի հանդեպ Հայաստանի հերթական գազային պարտքի գոյացման հնարավորությունը` սահմանին գնի աճը երկրի ներսում փոխհատուցելու նպատակով: Սակայն, վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանի ասելով, սպառողի համար գազի սակագները նախկին մակարդակում կմնան բացառապես «Գազպրոմ Արմենիա՚ ընկերության ծախսերի կրճատման և արդյունավետության բարձրացման հաշվին, և սուբսիդիայի մասին խոսք անգամ չի կարող լինել:
Միևնույն ժամանակ, ԱրմԻնֆո-ի վերլուծաբանների կարծիքով, նույնիսկ սահմանին գազի արժեքի 1000 խմ դիմաց մինչև 165 դոլար բարձրացման պայմաններում առկա է ներքին սակագների նվազեցման ներուժ: Դա պայմանավորված է, առաջին հերթին, գազի գնագոյացման շուրջ կոռուպցիոն ռիսկերի էական նվազմամբ, եթե ոչ լիակատար վերացմամբ` հենց նույն իշխանափոխության արդյունքում: Այդ առնչությամբ նոր իշխանությունը, դատելով ըստ ամենայնի, արդեն ռուսական ընկերությանը հայտնել է իր պահանջները` խաղի փոխված կանոնների լույսի ներքո: Եվ «գազպրոմ Արմենիայում՚ վերջին ստուգումների արդյունքում արդեն հայտնաբերված էական հարկային խախտումները դրա լավագույն ապացույցն են: Եվ, դատելով ներքին սակագների չփոխվելու վերաբերյալ Փաշինյանի և նրա խոսնակի հայտարարություններից, «Գազպրոմն՚ այդ պահանջներն այս կամ այն չափով հաշվի է առնում: Այդ լույսի ներքո տպավորություն է ստեղծվում, որ սահմանին գազի գնի բարձրացումն առավել ընդունելի փոխզիջումն է երկու կողմի համար: