Արմինֆո.Մտավորականության մի շարք ներկայացուցիչներ և փորձագետներ ստեղծել են աշխատանքային խումբ, որն զբաղվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ դիրքորոշումների մշակմամբ` դրանք վարչապետին, արտգործնախարարին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ներկայացնելու նպատգակով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի դեմոկրատական կուսակցության
լրատվական ծառայությունից, դեկտեմբերի 26-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել է <<Ի պաշտպանություն Արցախի հանրապետության >> և Մտավորականների խորհրդի համատեղ նիստ: Քննարկման էր ներկայացվել Արցախի հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացի փակուղային վիճակից նոր ելքեր փնտրելու հարցը:
«Կազմկոմիտեի և ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի հաղորդման հիմնական թեզը կայանում էր նրանում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած տարբերակները, հատկապես՝ <<Մադրիդյան սկզբունքները>>, որևէ առաջընթաց չեն ապահովել կարգավորման գործընթացում: Իսկ հաճախակի դարձած խոսակցություններն ինչ-ինչ տարածքներ հանձնելու մասին, անիմաստ և վտանգավոր տպավորություն են ստեղծում հնարավոր միակողմանի զիջումների վերաբերյալ: Հստակ շեշտվեց այն հանգամանքը, որ <<թավշյա հեղափոխությունից>> հետո իշխանություններն ունեն բանակցությունների նոր, հեռանկարային օրակարգ առաջարկելու բոլոր իրավունքները: Օրակարգ ձևավորելու հիմքում պետք է լինի խաղաղ գործընթացի մասին համաձայնագրի ստորագրումը, որի գործողության պայմաններում հնարավոր կլինի հիմնահարցի ամբողջական դիտարկումը և քայլերի հերթականության իրացումը:
Նիստի մասնակիցները՝ Արման Նավասարդյանը, Ալեքսանդր Մանասյանը, Լարիսա Ալավերդյանը, Մարիամ Ավագյանը, Ժասմինա Ղևոնդյանը, Կարինե Դանիելյանը, Ազատ Եղիազարյանը և ուրիշներ, իրենց առաջարկները ներկայացրեցին հարցի վերաբերյալ:
Որոշվեց. Ստեղծել աշխատանքային խումբ, լրացնել Արցախի հիմնահարցին վերաբերող իրավական <<թղթապանակը>>, կազմել բանակցային գործընթացի օրակարգի նախագիծը և առաջիկայում քննարկել այն հաջորդ համատեղ նիստում: Մշակված փաստաթղթերը ներկայացնել ՀՀ վարչապետին, ԱԳՆ-ին և Մինսկի խմբի համանախագահներին՚, - ասվում է հաղորդագրությունում: