Արմինֆո.Այսօր կառավարության նիստի ավարտին բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հանդես է եկել 2019 թվականը կովկասյան ընձառյուծի տարի հռչակելու մասին զեկույցով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նա նշել է, որ 2018 թ. գարնանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի լուսանկարչական թակարդները, առաջին անգամ արգելոցի պատմության մեջ, նկարահանել են կովկասյան ընձառյուծ. Հայաստանում հաշվառված է 7-9 կովկասյան ընձառյուծ: 2019 թ. կովկասյան ընձառյուծի տարի հռչակելը նաև հնարավորություն կընձեռի զարգացնել և հզորացնել հատուկ պահպանվող տարածքները թե՛ բնության պահպանության, թե՛ էկոտուրիզմի կազմակերպման տեսանկյունից։ 2019 թ. ընթացքում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ թողարկել Կովկասյան ընձառյուծի թեմայով նամականիշ, կազմակերպել Կովկասյան ընձառյուծի միջազգային վեհաժողով, կազմակերպել ցուցահանդեսներ և այլն: