Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրն ընդունել է «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշումը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն, գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում նախատեսվում է իրականացնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը: Արգելանոցային գոտու տարածքը լրակազմվում է այլ փողոցներից կազմաքանդված 15 պատմական կառույցներով: Տարածքի նկատմամբ նոր հանրության գերակա շահ սահմանելը հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը:
Անդրադառնալով որոշմանը՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նշել է. «Գաղտնիք չէ, որ կոնկրետ այս տարածքի կառուցապատման հարցը մեր կառավարության ժառանգություն ստացած ծանրագույն հարցերից մեկն է, և, իհարկե, գաղտնիք չէ, որ որևէ տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելը բավականին տխուր պատմություն և վատ համբավ ունի: Հիմա մենք ստիպված ենք գնալ այսպիսի ծայրահեղ քայլի՝ ծրագիրն ավարտին հասցնելու համար, բայց պետք է երաշխիքներ ունենանք, բոլոր ջանքերը գործադրենք և վստահ լինենք, որ այս պրոցեսը չպետք է իրականացվի նույն տխրահռչակ մեթոդով, ինչպես իրականացվել է տարիներ առաջ: Պետք է 100-տոկոսանոց երաշխիքներ և վերահսկողություն ունենանք, որպեսզի բնակիչները կամայականությունների զոհ չդառնան»:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն, իր հերթին, նշել է, որ այդ հարցը գտնվելու է մշտական ուշադրության կենտրոնում, և տարածքը ձեռք բերող «Ի ԷՄ ՍԻ» ՓԲ ընկերությունը ևս համապատասխան երաշխիքներ է ներկայացրել:
Հավելենք, որ Ալեքսանդր Թամանյանի կողմից մշակված Երևանի գլխավոր պողոտայի հատակագիծը նախատեսում էր լայն, կանաչապատ գոտի: Գլխավոր պողոտայի նախագծի իրագործմանը ձեռնամուխ եղան նախորդ դարի 60-ական թվականներին: Նախագծի հեղինակը տաղանդավոր ճարտարապետ Արմեն Զարյանն է, ով Հռոմում, Պալերմոյում, Վիեննայում բնակելի եւ հասարակական շենքերի նախագծման ոլորտում մեծ փորձառություն ուներ: Գլխավոր պողոտայի կառուցման Թամանյանի գաղափարը այդպես էլ ավարտին չի հասցվել. այնտեղ, ուր այն պետք է հատվեր Հանրապետության հրապարակի հետ, կառուցվել է Ազգային պատկերասրահի շենքը, իսկ Արամի-Բուզանդ-Կողբաց-Աբովյան փողոցների հատվածում ավարտին չի հասցվել XIX - XX դարերի տների քանդումը: 90-ական թվականներից սկսած, գլխավոր պողոտայի տարածքը աստիճանաբար անկում է ապրել: Եվ միայն այս տարվա ապրիլին տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ այն կվերակառուցվի: