Արմինֆո.«Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կողմից՚, - հայտարարել է ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի այն հայտարարությունը, թե` Միլանում Հայաստանի ԱԳ նախարարի հետ փոխըմբռնում է եղել:
Հայաստանի ԱԳն խոսնակը, մասնավորապես, հիշեցրել է, որ հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված էր. «Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»։
«Մեկ այլ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ: Նման ձևաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ: ԵԱՀԿ նախարարների խորհրդում դեկտեմբերի 6-ի իր ելույթում, որը նույնպես հրապարակվել է ՀՀ ԱԳՆ կողմից, Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է այդ հայտարարությանը` ընդգծելով, որ անշուշտ ոգևորիչ է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո հաջողվեց համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ և ընդունել հնգակողմ հայտարարություն: Նա հավելեց, որ այդ հայտարարությունը վերահաստատում է Դուշանբեում ձեռք բերված փոխըմբռնումը կյանքի կոչելու կարևորությունը՝ ինտենսիվորեն աշխատելու հակամարտության գոտում լարվածության հետագա թուլացման և ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ: Նման բարդ հարցերի առնչությամբ հանրային հայտարարություններում ոչ կոնֆրոնտացիոն, ոչ թշնամական տոնայնության պահպանումն արդեն իսկ լավ է՚, - նշել է ԱԳՆ մամլո խոսնակը:
Ինչպես արդեն հաղորդվել է, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնումը 2019 թվին կմնա Ադրբեջանի գլխավոր խնդիրը` հավելելով. «Կարծում եմ Հայաստանի իմ պաշտոնակցի հետ Միլանում կայացած վերջին հանդիպմանը մենք երկար ժամանակվա ընթացքում առաջին անգամ հասել ենք ինչ-որ փոխըմբռնման»: Մամեդյարովի ասելով, հաջորդ ամիս կայանալու է Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպում: «Մենք կքննարկենք հակամարտության կարգավորման ուղիները: Ադրբեջանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասել է նախարարը: