Արմինֆո.Այս օրերին Հայաստանի նոր կառավարության կազմն աստիճանաբար նախանշվում է: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնի է դարձել կառավարության շրջանակներին մոտ աղբյուրներից, նոր կաբինետում իրենց պորտֆելները միանշանակ կպահպանեն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ինչպես նաեւ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը:
Կառավարությունում կաշխատի նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն արդեն հայտարարել է օրենսդրական գործունեություն ծավալելու ցանկության բացակայության մասին: Սակայն դեռ պարզ չէ` արդյոք նա կպահպանի իր նախկին պաշտոնը, թե կնշանակվի նոր պաշտոնի: Աղբյուրները չեն բացառում, որ երկրորդ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կպահպանի իր պորտֆելը: Ինչ վերաբերում է նախարարներին, ապա տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ցանկություն են հայտնել աշխատել կառավարության կազմում, թեեւ, ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այդ պաշտոնի համար առաջ է մղում «Նորք Մարաշ» ԲԿ ղեկավարի պաշտոնակատար Միքայել Ադամյանին: Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել խորհրդարանում կամ կառավարությունում իր հետագա գործունեության առնչությամբ:
Իսկ ահա «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը, որի պաշտոնավարումից չափազանց դժգոհ էին մշակույթի գործիչները: Խմբակցության քարտուղար կդառնա տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Հակոբ Սիմինդրյանը:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն արդեն հաղորդել էր, որ Արարատ Միրզոյանը կդառնա խորհրդարանի խոսնակ, Ալեն Սիմոնյանը եւ Լենա Նազարյանը` նրա տեղակալներ:
ԱրմԻնֆո-ի տվյալներով, այս օրերին հրաժարական է տվել նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը, սպասվում են ԱԺ աշխատակազմի մի շարք բարձրաստիճան աշխատակիցների հրաժարականները: Թե ով կզբաղեցնի նրա տեղը` առայժմ հայտնի չէ: