Արմինֆո.2018 թվականին Հաայստանը դրամատիկական շրջադարձ ապրեց: Այդպիսի կարծիք է հայտնել Washington Post-ի սյունակագիր Ֆրիդա Գիտիսը:
Հոդվածագիրը նշել է, որ 2018 թիվը գրեթե բոլոր ցուցանիշներով ժողովրդավարության համար աղետալի տարի էր: Ավտորիտար ղեկավարները վճռական քայլեր ձեռնարկեցին իրենց իշխանությունն ամրապնդելու, գործող ժողովրդավարության համար անհրաժեշտ այնպիսի մեթոդները տապալելու համար, ինչպիսիք են օրենքի գերակայությունը և ազատ մամուլը` շարունակ անտեսելով կամ բռնի կերպով ճնշելով զանգվածային ցույցերը Հունգարիայում, Նիկարագուայում, Ֆիլիպիններում և այլ երկրներում:
Այնուամենայնիվ, ինչպես կարծում է սյունակագիրը, աշխարհի որոշ մասերում ժողովրդավարական բարեփոխումների համար պայքարն անսպասելիորեն հասավ վիթխարի հաջողությունների, դրանով իսկ հիշեցնելով, որ ակտիվության, առաջնորդության և հանգամանքների ճիշտ համադրությունը կարող է հանկարծակի փոխել պատմության ընթացքը: Ընդ որում, ինչպես գրել է Գիտիսը, անսպասելի փոփոխություններ տեղի ունեցան երեք երկրներում` Եթովպիա, Հայաստան եւ Պերու: Նրա համոզմամբ, Հայաստանը դրամատիկ շրջադարձ ապրեց: «Երբ տասը տարի իշխանության ղեկին նստած նախագահ Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց ամրապնդել իր իշխանությունը, փոխելով Սահմանադրությունը, և դառնալ վարչապետ, ակտիվիստ դարձած լրագրող Նիկոլ Փաշինյանը օգտագործեց ժողովրդի ցասումը` երկրի ուղղությունն արմատապես փոխելու նպատակով: Փաշինյանն անցկացրեց զանգվածային երթ, որին հետևեցին զանգվածային ցույցեր՝ կաթվածահար անելով երկիրն այնքան ժամանակ, մինչև որ Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակած խորհրդարանը վերջնականապես մեղմեց իր դիրքորոշումը: Հայաստանի ոչ բռնի ժողովրդական իշխանությունը Սարգսյանին ստիպեց հրաժարական տալ և համոզել օրենսդիրներին՝ վարչապետ ընտրել Փաշինյանին: Սակայն ամենամեծ տեղաշարժը դեռ առջևում է»,- գրել է հեղինակը: Գիտիսը հիշեցրել է, որ մեկ շաբաթ առաջ հայերն ընտրեցին նոր խորհրդարան, որի արդյունքում Փաշինյանի դաշինքը ստացավ ձայների 70 տոկոսը, իսկ նախորդ իշխող կուսակցությունը չկարողացավ հաղթահարել 5 տոկոսի անցողիկ շեմը: «Վստահության քվեի հիման վրա Փաշինյանը սկսել է հակակոռուպցիոն համալիր արշավ` ուղղված կառավարման համակարգի մաքրմանը»,- ասվում է հոդվածում: Ընդհանուր առմամբ, հեղինակը կարծում է, որ բոլոր երեք երկրները և նրանց ղեկավարները դեռևս վտանգավոր խոչընդոտների են հանդիպում ամուր ազատական ժողովրդավարության ճանապարհին: «Նրանց փորձերը դեռ կարող են ձախողվել: Բայց այն փաստը, որ նրանց հաջողվել է հասնել նշանակալի ժողովրդավարական քայլերի, չնայած ցածր խաղադրույքին, պետք է ոգեշնչի նրանց, ովքեր պայքարում են կործանարար կոռուպցիոն ուժերի և այլ երկրներում սողացող ավտորիտարիզմի դեմ», - ամփոփել է Ֆրիդա Գիտիսը: