Արմինֆո.ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Երևանը և Մոսկվան փաստաթուղթ են նախապատրաստում, որը պետք է երաշխավորի օտարերկրյա զինվորականների բացակայությունը Հայաստանի տարածքում:
«Կոնտեքստից հասկանում ենք, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորատորիաների մասին: Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է կազմում:
Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորությունները>,-նշվում է ԱԳՆ հայտարարությունում:
Նշենք, որ Լավրովն ասել է, որ Հայաստանի հետ ավարտվում է փաստաթղթի պատրաստման գործընթացը, որը կերաշխավորի որևէ ռիսկի և սպառնալիքի բացակայությունն ու աշխատանքի թափանցիկությունը: Նրա խոսքով, նման համաձայնագիր պատրաստվում է նաև Ղազախստանի հետ:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա այցի ընթացքում <Կոմերսանտին> հարցազրույցում ասել էր, որ ռուս մասնագետներին թույլ է տրվել Հայաստանում մուտք գործել ամերիկյան ֆինանսավորմամբ կառուցված լաբորատորիաներ, որտեղ զբաղվում են կենսաբանական նյութերի ուսումնասիրությամբ: Հիշեցնենք, որ 2016 թ. ԱՄՆ ՊՆ ֆինանսավորմամբ Հայաստանում բացվել է երեք լաբորատորիա՝ Երևանում, Գյումրիում և Իջևանում: Դրանց բացումից հետո հայկական և ռուսական ԶԼՄ-ներում պարբերաբար հարպարակումներ են հայտնվում այն մասին, որ այդ լաբորատորիաները երկակի նշանակության օբյեկտներ են և կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակներով՝ կենսաբանական զենք ստեղծելու և արտադրելու համար: