Արմինֆո. «Ես Ադրբեջանին մեղադրում եմ 2017 թվականի սեպտեմբերի 10-ին Բաքվի բանտում իմ նկատմամբ մահափորձի համար», - ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը` մեկնաբանելով Բաքվի հետ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հաղորդակցության մեկնարկը:
Բլոգերի համոզմամբ, Ադրբեջանի իշխանությունները պարտավոր էին պաշտպանել իրեն, ինչը չեն արել: «Հիմա արդեն կարեւոր չէ, թե` արդյոք մահափորձը կազմակերպել էին Ալիեւի նկատմամբ թշնամական կլանները, թե ինքը` Ալիևը», - ընդգծել է Ալեքսանդր Լապշինը: Նա հիշեցրել է, որ մահափորձից երեք օր հետո Ադրբեջանի նախագահը ներել է իրեն` թեեւ ինքը երբեք չի ընդունել իր մեղքը եւ ներողություն չի խնդրել: Նա նաեւ հաղորդել է, որ ժամանելով Իսրայել, դիմել էր հիվանդանոց, որտեղ մահափորձի վերաբերյալ եզրակացություն էր կայացվել` դատելով վնասվածքների բնույթից: Լապշինի ասելով, այնուհետև նման հետևության են հանգել Ռուսաստանի, Նիդերլանդների և ԱՄՆ մասնագետները: Նա ընդգծել է, որ չնայած ՄԻԵԴ նկատմամբ ճնշում գործադրելու Բաքվի փորձերին, 2018 թվականի գարնանն իր հայցն ընդունվել է քննարկման, իսկ նախօրեին հայտնի է դարձել, որ դատարանը հայցվոր կողմի փաստարկները համարել է հիմնավորված` Ադրբեջանի նկատմամբ վարույթ հարուցելու համար: Բաքվին երեք ամիս է տրվել իր առարկությունները ներկայացնելու համար, որից հետո ՄԻԵԴ-ը կսկսի գործի քննությունն` ըստ էության:
Հիշեցնենք, որ 2016 թվի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցմամբ, որը բլոգերին «սեւ ցուցակում» էր ներառել` առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցման Ղարաբաղ այցելելու համար: Բաքվում նա 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու համար», ավելի ուշ արտահանձնվել էր: 2017 թվի սեպտեմբերի 10-ին, երբ Լապշինը բանտում էր, լրատվամիջոցները նրա ինքնասպանության փորձի վերաբերյալ հաղորդումներ էին տարածել, ինչից հետո Ադրբեջանի նախագահը հրամանագիր էր ստորագրել բլոգերին ներելու մասին, և Լապշինը մեկնել էր Իսրայել: Ազատ արձակվելուց հետո բլոգերը հայտարարել էր, որ Բաքվի բանտում իր նկատամբ մահափորձ է կատարվել: