Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում:
Ինչպես նշվում է պաշտպանական թիմի հայտարարության մեջ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ստացել են: «Այս պահին պաշտպաններն աշխատում են միաժամանակ նաև Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ուղղությամբ>,- նշվում է հայտարարության մեջ:
Դեկտեմբերի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց անփոփոխ թողնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի վճիռը, որի համաձայն, Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Ռ. Քոչարյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ազգային անվտանգության շենքում գտնվող «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և կալանավորվել: Երկրորդ նախագահի գրասենյակը նրա կալանավորումը որակել է քաղաքական վենդետա, իսկ ՀՀԿ-ն` գործող իշխանության կողմից նախընտրական ճնշում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ: