Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Մենք քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող բոլոր հարցերը՚, - լրագրողներին հաղորդել է Արման Թաթոյանը:
Նրա ասելով, իր այցելությունը տեղի է ունեցել Քոչարյանի կալանավորման հաջորդ օրը: «Առանձնազրույցի արդյունքում նախապատրաստվել են համապատասխան գրություններ, հարցումներ այն հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում», - հայտարարել է օմբուդսմենը: Ընդ որում, Թաթոյանը չի հստակեցրել Քոչարյանի հետ քննարկված հարցերի շրջանակը: «Հիմա չեմ կարող դրանք բարձրաձայնել, որովհետեւ քննարկման ընթացակարգ է գնում, եւ ես պարտավոր եմ երաշխավորել առանձնազրույցի գաղտնիությունը», - ասել է նա։ Արման Թաթոյանը նաև ընդգծել է, որ Ռոբերտ Քոչարյանը որեւէ դժգոհություն չի հայտնել քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքի հետ կապված։
Դեկտեմբերի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց անփոփոխ թողնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի վճիռը, որի համաձայն, Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Ռ. Քոչարյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ազգային անվտանգության շենքում գտնվող «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և կալանավորվել: Երկրորդ նախագահի գրասենյակը նրա կալանավորումը որակել է քաղաքական վենդետա, իսկ ՀՀԿ-ն` գործող իշխանության կողմից նախընտրական ճնշում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ: