Արմինֆո. Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Հայաստանի և Արցախի գինիների համտես-երեկո՝ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի նախագահ Գի Տեսիեի (Guy Teissier) նախաձեռնությամբ:
Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, ֆրանսիացի և ֆրանսահայ հասարակական, մշակութային գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և ֆրանսահայ համայնքի անդամներ:
Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Գի Տեսիեն իր ուրախությունն է արտահայտել առաջին անգամ Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայաստանից և Արցախից բերված գինիների ներկայացման կապակցությամբ, ինչպես նաև հույս է հայտնել, որ միջոցառումը կօժանդակի հայկական գինիների՝ Ֆրանսիայում առավել մեծ ճանաչմանը: Նա ընդգծել է նաև, որ հաճելի է, որ Հայաստանի անկախությունից ի վեր և հատկապես վերջին տարիներին գինեգործությունը նոր վերելք է ապրում և հայկական գինին վերագտնում է ինչպես իր ավանդական որակը, այնպես էլ արժանի տեղը հայկական հյուրընկալ սեղանին:
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը իր խոսքում հիշեցրել է, որ Հայաստանը, ըստ աստվածաշնչյան պատումի և նաև հույն պատմիչների, համարվում է խաղողագործության և գինեգործության բնօրրանը։ Այդ փաստը հաստատվում է նաև Հայաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած հնագիտական ուսումնասիրություններով և Արենի գյուղի մերձակայքում աշխարհի հնագույն՝ ավելի քան վեցհազարամյա պատմություն ունեցող գինեգործական հնձանի հայտնաբերմամբ։ Ընդգծվել է, որ եզակի էնդեմիկ տեսակներից պատրաստված հայկական գինիները սկսում են մեծապես գնահատվել մասնագետների կողմից և իրենց արժանի տեղը գրավել համաշխարհային գինեգործական ժառանգությունում։
Երեկոյի ընթացքում ներկաները համտեսել են հայաստանյան «Տակառե, «Կուռե, «Ոսկենիե ինչպես նաև արցախյան «Կատարոե և «Տակրիե գինիները: