Արմինֆո.Առաջիկա օրերին Հայաստանի արտախորհրդարանական ուժերը հանդես կգան նոր դաշինք ստեղծելու նախաձեռնությամբ, դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
Սարգսյանը, մասնավորապես, հայտնել է, որ արդեն մի շարք կուսակցությունների միջև բանակցություններ են ընթանում: <Եթե իշխանությունները ցանկանան, մենք կօգնենք նրանց, հակառակ դեպքում կդառնանք ընդդիմություն՝ հաշվի առնելով, որ նորընտիր խորհրդարանում չկա ընդդիմություն>,- ասել է Սարգսյանը:
Այն հարցին, թե ինչ ուժեր կմտնեն դաշինքի մեջ՝ Սարգսյանը պատասխանել է, որ կուսակցությունների միջև կա պայմանավորվածություն այն մասին, որ յուրաքանչյուր ուժ հանդես կգա առանձին հայտարարությամբ: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ: <Նախաձեռնող խմբում ևս երկու ուժ կա: Հետագայում դրանց կմիանան ևս մի քանիսը>,- հավաստիացրել է Սարգսյանը: