Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: Ըստ «Էխո Կավկազի՚, այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանին: Նրա ասելով, Հայաստանի նախագահը հաստատել է իր մասնակցությունը:
Վրաստանի արտգործնախարարի հավաստմամբ, երկրի նորընտիր նախագահի պաշտոնամուտի արարողությանը մասնակցելու են պատվիրակություններ Չեխիայից, Սերբիայից, Լիտվայից` խորհրդարանների ղեկավարների գլխավորությամբ: Նրա ասելով, Վրաստան կժամանեն նաև Ռումինիայի պատվիրակությունը` փոխվարչապետի գլխավորությամբ, Մոլդովայի պատվիրակությունը` արտաքին գործերի նախարարի գլխավորությամբ, իսկ Թուրքմենստանի պատվիրակությունը կգլխավորի առեւտրի նախարարը: Նա նաեւ հավելել է, որ Սաուդյան Արաբիայից սպասվող պատվիրակությունը կգլխավորի խորհրդարանի նախագահը, Լեհաստանից կժամանեն պետական նախարարը և նախագահի աշխատակազմի ղեկավարը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը, ապա, արտգործնախարարի ասելով, հյուրերի մակարդակը դեռ չի համաձայնեցվել:
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին: