Արմինֆո. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 9-ին կայացած Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները գնահատել է թափանցիկ եւ բաց: Այդ մասին նրանք հայտարարել են այսօր մամուլի ասուլիսում:
Ինչպես կարծում են ԱՊՀ ՄԽՎ դիտորդները, ընտրություններն անցկացվել են Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ Ընտրական օրենսգրքին համապատասխան: Նրանց հավաստմամբ, բոլոր ընտրական հանձնաժողովները պայմաններ են ապահովել ընտրողների կամքի ազատ արտահայտման համար: Կուսակցությունների և դաշինքների համար ապահովվել են հավասար պայմաններ: Առաքելությունը նշել է ԿԸՀ համակարգված աշխատանքը, որը կարճ ժամանակում կազմակերպել է ընտրությունների նախապատրաստումը եւ անցկացումը: Քվեարկության օրը կիրառվել է սարքավորում, որը բացառում էր կրկնաքվեարկությունը: 1500 տեղամասեր հագեցած էին տեսահսկման միջոցներով: ԱՊՀ առաքելության ներկայացուցիչները այցելել են 13 ընտրատարածքների 677 ընտրատեղամասեր: Տեխնիկական սարքավորումները, ընդհանուր առմամբ, աշխատել են անխափան:
Այս ընտրությունների առանձնահատկությունը, ինչպես նշել են դիտորդները, նախընտրական քարոզչության սեղմ ժամկետն էր: Առաքելությունը
հաստատել է 2017 թվականի ընտրությունների արդյունքում արված հետևությունները, փաստելով, որ ԸՕ հնարավորություն է ընձեռում ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Միեւնույն ժամանակ, արձանագրվել են աննշան խախտումներ. պաստառների վնասման դեպքեր, քարոզչական նյութերի տեղադրում ոչ պատշաճ վայրերում: Գլխավոր դատախազությունում ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ` խախտումների մասին հաղորդումներն ուսումնասիրելու համար: Դիտորդների զեկույցներում նշվում են առանձին խախտումներ, որոնք չեն կարող ազդել քվեարկության արդյունքների վրա: Որպես բացասական երևույթ նշվել է, որ նախատեսված չէր եղել ընտրությունների կազմակերպումը հաշմանդամություն ունեցող անձանց համար:
ԱՊՀ ՄԽՎ դիտորդները համակարգող, Ղրղզստանի ներկայացուցիչ Միրլան Բակիրովի գլխավորությամբ իրականացրել են Ազգային ժողովի ընտրությունների դիտարկում: Հայաստանի նախագահի հրավերով ժամանած առաքելության կազմում էին ԱՊՀ 8 երկրների, Բելառուս-Ռուսաստան միության, ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ, ընդամենը` 84 մարդ: ԱՊՀ դիտորդները նշում են, որ իրենք գնահատական են տալիս ընտրությունների արդյունքների հիման վրա փաստացի նյութի վերլուծության եւ սեփական դիտարկումների հիման վրա: Հայտարարության ամբողջական տեքստը կզետեղվի ԱՊՀ գործադիր կոմիտեի պաշտոնական կայքում` Հայաստանի ԿԸՀ կողմից քվեարկության պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո: