Արմինֆո.ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քվեարկել է Հայաստանի և Արցախի անվտանգության օգտին: Դեկտեմբերի 9-ին նա այդ մասին հայտարարել է լրագրողներին` ընտրատեղամասում քվեարկությունից հետո:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ կմաղթեր նոր խորհրդարանին, Ա.Բաբլոյանը նշել է, որ հիմնական գործողությունները պետք է նպատակաուղղված լինեն Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովմանը: Բացի այդ, Ա.Բաբլոյանի ասելով, անհրաժեշտ է ջանք գործադրել բնակչության բարեկեցությունը բարձրացնելու և տնտեսությունը զարգացնելու համար: «Մեզ անհրաժեշտ է էլ ավելի ամրապնդել այն ժողովրդավարությունը, որն այսօր ունենք՚, - եզրափակել է նա:
Հայաստանում ընթանում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որոնց մասնակցում են 2 դաշինք և 9 կուսակցություն` «Իմ քայլը՚ և «Մենք՚ դաշինքները, ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Լուսավոր Հայաստան՚, «Քաղաքացու որոշում՚, «Ազգային առաջընթաց՚, «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ՚ և «Սասնա Ծռեր՚ կուսակցությունները: Խորհրդարան անցնելու համար դաշինքները պետք է հաղթահարեն 7 տոկոսի, իսկ կուսակցությունները` 5 տոկոսի շեմը: Եթե անցողիկ շեմը հաղթահարի միայն երկու քաղաքական ուժ, ապա երրորդ տեղն զբաղեցնող ընտրական մրցակիցն, անկախ քվեարկության արդյունքից, նույնպես կստանա մանդատներ, քանի որ ՀՀ սահմանդրությունը երաշխավորում է երեք կուսակցությունների կամ դաշինքների առկայությունը բարձրագույն օրենսդիր մարմնում: