Արմինֆո. ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը դեռ լուծված չէ: Այդ մասին դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը:
Նրա խոսքով, ՀԱՊԿ երկրների առաջնորդները դեռ չեն որոշել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը: Պեսկովի խոսքով, Լուկաշենկոն ԵԱՏՄ գագաթաժողովի ժամանակ անդրադարձել է այդ հարցին, թեև այն օրակարգում չկար: «Դա լիովին նորմալ պրակտիկա է. ցանկացած պետության ղեկավար կարող է հնչեցնել հարցեր, որոնք նա կարևոր է համարում>, - ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Սակայն, նրա խոսքով այդ պահին բանակցությունների սեղանի շուրջ ՀԱՊԿ ոչ բոլոր անդամներ են ներկա եղել: Նրանց եհտ այդ թեմայով խոսակցությունը շարունակվել է ավելի ուշ՝ ԱՊՀ գագաթաժողովում: <Աշխատանքը կշարունակվի>,- ասել է Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մինչդեռ նախօրեին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո Լուկաշենկոն լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող է զբաղեցնել Բելառուսի ներկայացուցիչը: Տեղեկատվությունն անմիջապես հերքել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: Եղոյանն ընդգծել է, որ ՀԱՊԿ նիստ չի եղել, հետևաբար, հարցը չէր կարող լուծված լինել, իսկ այդ հարցի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է: