Արմինֆո. ԱՄՆ Կանզաս նահանգում դեկտեմբերի 7-ը հռչակվել է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օր: Այդ մասին ասվում է Կանզասի նահանգապետի ստորագրած հռչակագրում:
ԱրմԻՆֆո-ին տրամադրված հռչակագրի տեքստում, մասնավորապես, հիշեցվում է, որ 30 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41, տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, որը պատճառեց աննախադեպ ավերածություններ, կործանարար վնաս հասցնելով ավելի քան երեք հազար քառակուսի կիլոմետր տարածքի, 21 քաղաքների և շրջանների, 342 գյուղական համայնքի: «Այս աղետի հետևանքները ահռելի էին, և դրա հետևանքով ավելի քան 25.000 մարդ զոհվեց, 100.000-ից ավել մարդ վիրավորվեց և ավելի քան 50.000 մարդ տեղահանվեց: Հայ ժողովուրդը զարմանալի քաջություն և անհավանական պահվածք ցուցաբերեց այդ օրերին՝ հաղթահարելով ամենասարսափելի հանգամանքները: Միացյալ Նահանգները այն ժամանակ, ինչպես և Կանզասը հիմա կանգնած են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի կողքին ամենուր: Մենք հիշում ենք այս ողբերգությունը, որպես իրադարձություն, որը փոխեց այն բոլոր մարդկանց կյանքերը, ում վրա այն անդրադարձավ՚, - ասվում է հռչակագրում: Ուստի, Կանզասի նահանգապետ Ջեֆ Քոյլերսը, ևս մեկ անգամ հաստատելով Կանզաս նահանգի նվիրվածությունը Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին ամենուր, 2018 թվականի դեկտեմբերի 7-ը հռչակել է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օր Կանզասում և կոչ է արել բոլոր քաղաքացիներին միանալ հիշատակի տուրքին: